
Արմինֆո. 2025թ․ համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և Ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ Ծրագրի փաստացի կատարման ցուցանիշը կազմել է շուրջ 12,8 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ ֆինանսական տարվա առաջին կեսի ավարտին կատարված էր հաստատված ծրագրի ընդամենը 27%-ը:
Այդ մասին ասվում է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հայտարարությունում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարումն ստանձնելուց անմիջապես հետո Ժամանակավոր կառավարչի հանձնարարությամբ՝ ի թիվս բազմաթիվ այլ համակողմանի ուսումնասիրությունների և վերահսկողական գործառույթների, նախաձեռնվել են նաև Ընկերությունում Ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական արժեշղթայում ներգրավված կազմակերպությունների հետ գործող պայմանագրերի պայմանների (գնումների և մատակարարումների գնագոյացումների, կապալի աշխատանքների արտապատվիրակման պայմանների և այլն) համալիր ուսումնասիրություններ, ինչից պարզ է դարձել, որ Ներդրումային ծրագրի իրականացման ողջ արժեշղթան մինչ այդ ՀԷՑ-ում իրականացվել է բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի մաս հանդիսացող կամ սեփականատերերին ու վերջիններիս մերձավոր շրջապատին ուղղակիորեն փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների կողմից՝ շուկայական արժեքներից զգալիորեն ուռճացված գներով և կապալի աշխատանքների, մատակարարումերի ու ծառայությունների մատուցման ժամկետների էական խախտումներով։
Դրանով պայմանավորված՝ ՀԷՑ-ում մեկնարկել է մասշտաբային գործընթաց՝ մասնավորապես Ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքները դուրս բերելու ակնհայտ մենաշնորհային փակ-հակամրցակցային տնտեսական ցիկլից և բաց, թափանցիկ ու ներառական մրցութային գործընթացների միջոցով ոլորտից ներգրավվելու առավել մրցակցային և ՀԷՑ-ի համար բավականին շահեկան գնառաջարկներ ու էներգետիկ ոլորտի փորձառու տնտեսվարող սուբյեկտներ (արտադրողներ, մատակարարներ, ներմուծողներ, ինչպես նաև՝ նեղ մասնագիտական աշխատուժ և այլն)։
Վերջնարդյունքում՝ 2025թ․ երկրորդ կիսամյակի ընթացքում, մեկտեղելով նաև ոլորտային շուկաների ուսումնասիրության, գնանշումների և բուն գնումների իրականացման բավականին ժամանակատար և մասշտաբային գործընթացները, Ժամանակավոր կառավարչի թիմին հաջողվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ՝ հաստատված շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ ներդրումային ծրագրից կյանքի կոչել ևս 15,4 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ՝ 2025թ․ Ներդրումային ծրագրի կատարողականը փաստացի հասցնելով շուրջ 28,2 մլրդ ՀՀ դրամի (բացառապես «Մուտք-շահագործում» կարգավիճակում)։ Հարկ է նշել, որ տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում՝ Ժամանակավոր կառավարչի թիմը նույն ժամանակային կտրվածքով ապահովել է ավելի քան 2,6մլրդ ՀՀ դրամի ավել աշխատանքների կատարում, քան իրականացվել էր մինչև Ժամականավոր կառավարչի նշանակումը՝ տարվա առաջին կեսի արդյունքներով)։
Ինչ վերաբերում է Ամանորի նախօրեին ՀԷՑ-ի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարների և հոսանքազրկումների թեմայի շահարկմանը, ապա պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2024թ․ տարեվերջին ՀԷՑ-ի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է շուրջ 32,000, այն դեպքում, որ 2025թ․-ի ավարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 9,200 բաժանորդ։
Հարկ ենք համարում նաև նշել, որ առանձին քննարկման առարկա է հանդիսանում մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի կազմման գործընթացում սահմանված առաջնահերթությունների, դրա իրականացման մեխանիզմների և բյուջեների ձևավորման գործիքակազմերն այն դեպքում, երբ օրինակ ՀԷՑ-ի կառավարման նախորդ փուլերում Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված միջոցների զգալի մասը՝ մինչև բուն մատակարարումների և աշխատանքների մեկնարկը, ուղղվել է վերոնշյալ փոխկապակցված «արտոնյալ» ընկերություններին՝ կանխավճարների տեսքով (ավելի քան տասնյակ միլիարդավոր ՀՀ դրամի հասնող գումարներով)», - նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանի ամբողջ շրջաններ հոսանքազրկվել էին՝ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով: Էրեբունի վարչական շրջանում երկու օր հոսանք չի եղել։ Այսօր կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամանորի օրերին մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումների մեղավորը "Հայաստանի էլեկտրական ցանցերի" նախկին ղեկավարությունն է: «Այն փաստը, որ եղել են մարդիկ, ովքեր Ամանորը դիմավորել են հոսանքազրկված բնակարաններում, ցույց է տալիս "Էլցանցերի" նախորդ կառավարման արդյունքները: Եվ մայիսից սկսած նախաձեռնված գործընթացները հետևանք են այն բանի, որ ՀԷՑ - ը չի իրականացրել իր ներդրումային պարտավորությունները, մասնավորապես՝ մարզային բնակավայրերում», - ասել է Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ եթե չլիներ ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխությունը, ապա առանց լույսի մնացած բաժանորդների թիվը երեք անգամ ավելի շատ կլիներ, քան՝ հիմա։ Ավելին, Փաշինյանը կասկածում է, որ երկար ժամանակ Հայաստանում "ՀԷՑ - ի միջոցով մարդկանց թալանել են՝ քաղաքական դժգոհություն առաջացնելու համար"։
Ի պատասխան՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզապես, ոչինչ չի հասկանում էներգետիկայից, նա թույլ ղեկավար է, և մասնագետ չէ: «Հայաստանում չկա մի ընտանիք, որին Փաշինյանը չի ստել։ Ի՞նչն է պատճառը, որ նախորդ տարի նման հոսանքազրկումներ չեն եղել, իսկ այս տարի դրանք կան։ Փոխվել է մեկ բան. նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ ղեկավար, որն արգելել է պլանային աշխատանքների իրականացումը բազմաթիվ հասցեներում, և աշխատանքից հեռացրել է գրեթե բոլոր էներգետիկ ղեկավարներին քաղաքի տարբեր շրջաններում",- սոցցանցում գրել է "Մեր ձեւով" շարժման մամուլի քարտուղար Մարիանա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։ Ավելին, նախորդ տարի նախատեսված 45 մլրդ դրամ (116 մլն դոլար) ներդրումների փոխարեն ներդրվել է ընդամենը 25 մլրդ դրամ (մոտ 64 մլն դոլար)․ այսինքն՝ հենց նա է թույլ տվել թերակատարում։