
Արմինֆո. Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկը, հավելելով, որ ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։
«ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։
Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար և խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում։
Ընդհանուր առմամբ, ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը և ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը համատեղորեն հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման կարևոր քայլ, նպաստում են շուկայի թափանցիկությանը, գործարքների կանխատեսելիությանը և Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացմանը միջազգային մակարդակում», - ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։
Նշենք, որ ISDA ապրանքանիշը վերաբերում է International Swaps and Derivatives Association - ին՝ Սվոպների և ածանցյալների միջազգային ասոցիացիային։ Դա համաշխարհային առևտրային ասոցիացիա է, որը մշակում է ստանդարտներ և համաձայնագրեր, օրինակ ՝ ISDA գլխավոր համաձայնագիր ածանցյալ գործիքների արտաբորսայական շուկայի համար ՝ ստանդարտացնելով պայմանագրերը և գործառնությունները: ISDA-ի խորհրդանիշներն ու անվանումները գրանցված ապրանքանիշներ են, որոնք պաշտպանում են իրենց ապրանքանիշը և ֆինանսական ածանցյալ գործիքների ստանդարտացման ասոցիացիայի գործունեությունը: