Ուրբաթ, 9 Հունվարի 2026 12:56
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն

ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ցանկը, որոնց համար վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները 2025թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի սակագնային արտոնությունից (հատկացված 3000 հատից օգտագործել է 2364-ը):

 

«Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեն հրապարակում է այն տրանսպորտային միջոցների ցանկըորոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։ Այսինքն, ցանկում ներառված 636 տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարը: Ցանկը կազմված է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ ապրանքային մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։

 

Հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները սակագնային արտոնությունը վերականգնելու (մաքսատուրքը հետ ստանալու) համար պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, դիմեն մաքսային  մարմին`  [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով հետևյալ դիմումը։

 

Կոմիտեն տեղեկացնում է, որ դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից և դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին: Խնդրում ենք նախքան դիմումը ներկայացնելը ևս մեկ անգամ համոզվել դիմումում լրացված տվյալների ճշտության մեջ», - ասվում է հաղորդագրությունում:

 

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել էր, որ անցած տարի էլեկտրամոբիլների ներկրման համար մաքսատուրք վճարած քաղաքացիներին կվերադարձվեն իրենց գումարները: Պապոյանը հիշեցրել էր, որ այս տարի Հայաստանը ստացել է 8 հազար քվոտա Էլեկտրամոբիլների համար, որից 5 հազարը նախատեսված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ոչ դիլերների) համար, իսկ 3 հազարը ՝ դիլերների համար: "Դիլերները իրենց 636 քվոտաներից չեն օգտագործել, եւ մենք դրանք փոխանցել ենք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց", - նշել էր նա: