
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։
Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։
«Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։
Նշենք, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել որոշմանը, որում ասվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս երկու տարով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման արտոնությունը ։ Հայաստանի համար 2024-2025 թվականների համար սահմանվել է էլեկտրական շարժիչով (ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող) 8000 տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան մեկ տարվա ընթացքում: