
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հետ կապված մտավախությունները հայ հասարակության շրջանում․ դրանք հրահրվում են այն շրջանակների կողմից, որոնք երկար տարիներ մենաշնորհել են երկրի բենզինի շուկան:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում վարչապետը հիշեցրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական բենզին, ընդգծելով, որ իր համար հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել։
«Ադրբեջանից ներմուծվել է, հիմնականում, Premium տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ Հայաստանում Premium տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով և նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Երկու օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, և դիզվառելիքի նվազագույն գինն այս ընթացքում նվազել է 2 տոկոսով։ Նաև Regular տեսակի բենզինի գինն է նվազել՝ դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8 տոկոսով։
Այսինքն՝ եթե դեկտեմբերի 11-ին Regular տեսակի բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի և խաղաղության արդյունքներն ու օգուտներն են»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ պետք է ընդունել, որ այս ընթացքում քննադատություն է հնչում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ «Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերն ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա, Ադրբեջանում էլ ասում են՝ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն»,- ընդգծել է վարչապետը։
Նրա ասելով՝ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում և քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել։
«Եվ նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, ինչից օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը, ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունն անում է»,- եզրափակել է Փաշինյանը։
2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։ Ադրբեջանական բենզինը ներկրած ընկերությունները սկսեցին Հայաստանում Premium տեսակի բենզինը վաճառել 430 դրամով՝ մեկ լիտրի դիմաց. նախկինում մեկ լիտրի գինը 510 դրամ էր։ 2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբաքանակն է մատակարարում Հայաստան՝ 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին: Առայժմ անհասկանալի է մնում այն հարցը, թե արդյոք Վրաստանը մաքսային արժեք կսահմանի մատակարարվող ապրանքի համար, թե՝ ոչ։ Առաջին դեպքում դա տեղի չունեցավ։