
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի փոքր մոդուլային ռեակտորներով (ՓՄՌ) ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին CIVICTV-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա ասելով՝ փոքր մոդուլային ռեակտորներով ԱԷԿ-ը թույլ կտա ապահովել գեներացման օբյեկտների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ճկունություն: Արդեն այսօր, արևային էներգիայի օբյեկտներում էներգահզորությունների զգալի աճի առնչությամբ ցերեկային ժամերին հարկ է լինում մանևրել ՝ կամ նվազեցնելով, կամ ընդհանրապես հանելով բազային կայանների հզորություններ։
Նախարարը նշել է, որ ատոմակայանի մոդելի որոշման եւ արտադրող երկրի ընտրության հարցն իշխանությունների օրակարգում է, այն լուծվելու է առանց շտապելու։ Չի բացառվում, որ վերջնական որոշումը կայացվի 2027 թվականին։ "Հայաստանը չի մնա առանց ատոմային էներգետիկայի, բայց պետք է նկատի ունենալ, որ փոքր մոդուլային կայաններն, իրականում, նոր ուղղություն են էներգետիկայում, և շատ քիչ երկրներ են այսօր գտնվում դրանց կառուցման եզրափակիչ փուլում: Մենք ցանկանում ենք մի փոքր սպասել, որպեսզի, ինչպես ասում են, "գետնի վրա", նայենք ՓՄՌ կայանների արդյունավետությանը եւ ընտրություն կատարենք", - ասել է Խուդաթյանը։ Նա նշել է այնքան փոքր մոդուլային ատոմային ռեակտորների կառուցման հնարավորությունը, որքան անհրաժեշտ կլինի երկրի էներգետիկ հատվածի համար։
Նշենք, որ մինչև 300 ՄՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորներն ակտիվորեն մշակվում են ողջ աշխարհում (ավելի քան 120 նախագիծ)՝ կենտրոնանալով պասիվ անվտանգության և գործարանային հավաքման վրա: Ռուսաստանը շահագործում է "Ակադեմիկոս Լոմոնոսով" լողացող ԱԷԿ-ը, ԱՄՆ-ն (NuScale) հավաստագրել է դիզայնը և նախատեսում է շինարարություն սկսել Այդահոյում, իսկ Կանադան (Ontario Power Generation) նախատեսում է առաջին գործարկումը Օնտարիոյում "Դարլինգտոն"ԱԷԿ-ի տարածքում: Հիմնական խաղացողները ներառում են նաև Հարավային Կորեան (BANDI-60), Արգենտինան (CAREM) և Չինաստանը ՝ ցածր ածխածնային էներգիա ապահովելու նպատակներով, ներառյալ հեռավոր շրջանների և աղազերծման համար: 2026 թվականին նախատեսվում է գործարկել միանգամից 15 տարբեր տեսակի ատոմային ռեակտորներ ողջ աշխարհում։