
Արմինֆո. Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատաակարարմանն առնչվող գործարքներում։ ՀՀ Ազգային Ժողովի տնտեսական հարցերովի հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխություններին։
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, նախաձեռնությունը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց` ապրանքների վաճառքների, գործարքների, դրանց գծով ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման եւ փաստաթղթավորման հաշվետվությունների ներկայացման կարգավորումներին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ առաջարկվում է հստակեցնել էլեկտրոնային առեւտրի շրջանակում ԵԱՏՄ հարթակներով ֆիզիկական անձանց՝ վաճառվող ապրանքների մասով օրենսգրքով սահմանված հասկացությունը, սահմանել ապրանքների՝ էլեկտրոնային առեւտրի շրջանակում դրանց մատակարարման վայրի, հարթակների շահագործողների մասով՝ արտարժույթի փոխարժեքի, պարտավորությունների ծագման պահի որոշման հետ կապված դրույթները, որոնք, ըստ էության, համանման են այսօր գործող օրենսդրական կարգավորումներին՝ որոշակի փոփոխություններով:
«Ապրանքի մատակարարման վայրը կհամարվի ՀՀ-ն, եթե էլեկտրոնային հարթակի միջոցով վաճառվող ապրանքը հանձնվի ֆիզիկական անձին ՀՀ տարածքում: Այդ մասով կառաջանա ԱԱՀ-ի պարտավորություն, որի առաջացման պահն այսուհետ կսահմանվի վճարման ամվա վերջին օրը՝ ի տարբերություն գործող օրենսդրության, երբ վճարումները կատարվում են եռամսյակային ժամկետներում»,- պարզաբանել է զեկուցողը:
Հաջորդ կարգավորումը վերաբերում է հարթակների միջոցով ՀՀ տնտեսավարողների կողմից ԵԱՏՄ անդամ այլ երկրներ վաճառվող ապրանքներին:
«Վաճառք իրականացնող հարթակը ՀՀ ռեզիդենտ կազմակերպության կողմից վաճառված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի ՊԵԿ-ին: Այն կտեղադրվի նաեւ հարկ վճարողի անձնական էջում, ինչն էլ հիմք կհանդիսանա, որպեսզի վաճառողն այլեւս փաստաթղթավորում չիրականացնի ու դրանով կիրառի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ»,- նշել է զեկուցողը՝ հավելելով, որ այս կարգավորումների արդյունքում պարզեցվում են ՀՀ տնտեսավարողների համար ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ այլ երկրների տարածք ապրանքների վաճառքի փաստաթղթավորումն ու հաշվետվողականությունը:
Հաշվի առնելով օրենքով կատարվող փոփոխություններին համապատասխան իրականացման ենթակա ծրագրային աշխատանքները՝ առաջարկվել է, որ օրենքն ուժի մեջ մտնի օրենքի դրույթների կիրարկումն ապահովող համապատասխան ծրագրային ապահովման աշխատանքներն ավարտելու օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: