
Արմինֆո. Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը (IBRC) համագործակցության հուշագիր է կնքել Եվրոպական ապահովագրական ընկերության հետ՝ ֆինանսական ռիսկերից խուսափելու նպատակով Հայաստանի բիզնեսին աջակցելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է IBRC-ի ղեկավար Մարիամ Մանուկյանը՝ 2025 թվականին խորհրդի գործունեությանը նվիրված ամփոփիչ միջոցառման ժամանակ:
Նա պարզաբանել է, որ այսուհետեւ արտահանման կողմնորոշմամբ հայկական արտադրողները կարող են պայմանագիր կնքել Եվրոպական ապահովագրական ընկերության հետ, որը պարտավորվում է ապահովել ինվոյսինգի 85% ապահովագրական ծածկույթ մատակարարի կամ գնորդի փոխարեն:
«Մենք շատ հաճախ բողոքներ ենք ստանում արտահանող բիզնեսից՝ այն մասին, որ, որպես կանոն, նրանք ապառիկ պայմանագրեր են կնքում, ինչը չի կարող ապահովել արտադրության անխափան ցիկլ, եթե վճարումները հետաձգվեն: Իսկ այդ համագործակցությունը նրանց հնարավորություն է տալիս ֆինանսական շրջանառություն ունենալ», - ասել է Մանուկյանը։
Միաժամանակ, խորհրդի ղեկավարը նշել է, որ Հայաստանի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկատերերը դժվարությունների են բախվում բանկերում ֆինանսական միջոցներ ներգրավելու փորձի ժամանակ ՝ հաշվի առնելով խիստ պահանջները:
«Իսկ մենք այն միջնորդներն ենք, որոնք կարող են դառնալ բիզնեսի երաշխավոր ֆինանսական ծառայությունների հասաանելիության համատեքստում: Եվ այն գործարարները, ովքեր ունեն վարկային գծեր, կարող են դառնալ IBRC-ի շահառու ։ Քանի որ մենք թրեյնինգներ ենք անցկացնում, սովորեցնում, օգնում բիզնեսի ավելի գրագետ կառուցմանը, ինչը նվազեցնում է բանկերի հանդեպ պարտավորությունների առաջացման ռիսկերը», - ասել է Մանուկյանը։
Բացի ֆինանսական մատչելիության բարձրացումից, նա մատնանշել է լոգիստիկ խնդիրները, որոնց բախվում է հայկական բիզնեսը։ "Որքան էլ փորձենք բարձրացնել արտադրողականությունը, գինն ու որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, չենք կարող մրցունակ լինել, եթե չունենանք արդյունավետ կառուցված լոգիստիկա», - նշել է փորձագետը:
Որպես արդյունավետ նախագծերից մեկը նա նշել Է ԱՄՆ-ում ազգային պահեստի բացումը, որի գործարկման աշխատանքները գրեթե ավարտված են: Դրա լիարժեք գործունեության արդյունքում հայաստանյան արտադրողները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը՝ սկսած տեքստիլից, խմիչքից մինչև սպասարկման ոլորտ։ «Այդ ամենը մեկ օրում չի արվում: Չէ որ խոսքը տարածքի նախագծման, համապատասխան թույլտվությունների ստացման, սերտիֆիկացման, տեխնիկական պարամետրերին համապատասխանության և այլնի մասին է։ Այդ փուլերը մենք հաղթահարել ենք, և կարելի է ասել, որ այդ ուղղությամբ աշխատանքների 70% - ն արդեն կատարված է», - ասել է նա։
Ընդ որում, Մանուկյանը նշել է, որ IBRC-ի ծրագրերի շրջանակներում հայկական բիզնեսը տարեցտարի աճ է գրանցում դեպի ԱՄՆ արտահանման մատակարարումներում: Խոսքը, հիմնականում, պարենի մասին է։ Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 1.5 մլն դոլար։
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-նոյեմբերին կրճատվել Է 17,4% - ով ՝ կազմելով 314,8 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը կրճատվել Է 14,7% - ով ՝ մինչև 46,2 մլն դոլար՝ ներմուծման 17,8%, մինչև 268,6 մլն դոլար անկման ֆոնին։