Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 11:18
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին

Արմինֆո. «Աբու Դաբիի կայունության շաբաթ»–ի (Abu Dhabi Sustainability Week – ADSW 2026) շրջանակում կազմակերպվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված են կլիմայական համարձակ գործողություններին, նորարարական տեխնոլոգիաներին և կայուն զարգացմանը միտված առաջատար նախաձեռնություններ աշխարհի տարբեր երկրներից։

Ցուցահանդեսը մի հարթակ է, որտեղ համախմբվում են պետություններ, ստարտափներ և տեխնոլոգիական կազմակերպություններ՝ կիսվելու փորձով և ձևավորելու ավելի կայուն ապագայի լուծումներ։

Ինչպես հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը, այդ նախաձեռնությունների շարքում հայկական նախագծեր ևս ներկայացված էին, որոնք իրենց ներդրումն են բերում գլոբալ կայուն զարգացման օրակարգին։

Areg AI-ը հայկական տեխնոլոգիական նախաձեռնություն է, որը մշակել է արևային էներգիայի կառավարման խելացի ծրագրային հարթակներ և ռոբոտացված լուծումներ։ Այն օգտագործում է արհեստական բանականություն՝ արևային էլեկտրակայանների աշխատանքը առավել արդյունավետ կազմակերպելու, մշտադիտարկելու և տեխնիկական վիճակը բարձր մակարդակի վրա պահելու համար։

«Հայկական նորարարական մտքի ներկայությունը ADSW 2026-ում ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար», - ասվում է հաղորդագրությունում։