
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է բացահայտված 72 չլիցենզավորված կազմակերպությունների ցանկը, որոնք հրապարակայնորեն առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ՝ առանց ԿԲ լիցենզիայի:
Այդ ցանկին կարելի է ծանոթանալ ՀՀ ԿԲ կայքում՝ հետևյալ հղումով․ https://www.cba.am/hy/unlicensed-organizations/։ ՀՀ ԿԲ-ը հիշեցնում է, որ Հայաստանում ֆինանսական ծառայությունների տրամադրումը կարգավորվում է օրենսդրությամբ, և միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կազմակերպություններն իրավունք ունեն նման գործունեություն իրականացնել:
Խարդախությունը և ֆինանսական կորուստները կանխելու նպատակով Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են ԿԲ պաշտոնական կայքում (www.cba.am) «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» բաժնում․ բանկեր՝ https://www.cba.am/hy/licensed-banks/, վարկային կազմակերպություններ՝ https://www.cba.am/hy/licensed-credit-organizations/, լոմբարդներ՝ https://www.cba.am/hy/licensed-pawnshops/ հղման տակ։
Միաժամանակ, ԿԲ-ը հորդորում է բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին՝ պաշտոնական հաղորդակցման միջոցներով: