Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 16:43
Նաիրա Բադալյան

Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար

Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի շրջանակում կնքվել է 15 պայմանագիր՝ 62,64 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 11 պայմանագիր՝ 47,4 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։ Որոշմամբ առաջարկվում է 1 տոկոսային կետով ավելացնել յուրաքանչյուր երիտասարդ տնտեսավարողին (18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց) և 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Մասնավորապես, տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը 2026 թ. հունվարի 1-ից սուբսիդավորվելու է 8 տոկոսային կետով, նախագծով առաջարկվում է երիտասարդ տնտեսավարողներին և 63 տարեկանը լրացած անձանց սուբսիդավորել՝ 9 տոկոսային կետով, 3 մլրդ դրամից ավելի մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում առաջարկվում է սուբսիդավորել 8 տոկոսային կետով, 9 մլրդ դրամից ավելի մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 6 տոկոսային կետով, իսկ երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց դեպքում՝ 7 տոկոսային կետով։ Որոշմամբ՝ գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ 2026 թ. երիտասարդ տնտեսավարողների և 63 տարեկանը լրացած անձանց համար 1 տոկոսային կետով սուբսիդավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում շուրջ 3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու պայմաններում, 2026 թ. պետբյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 22,7 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն արդյունավետ գործընթաց է ապահովում՝ Կառավարության ռազմավարություններին համապատասխան.  «Գյուղատնտեսության ասելով՝ մենք ավելի ու ավելի պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև այն ինչ որ ինտեսիվ չէ՝ այսօրվա կամ վաղվա տրամաբանությամբ այնքան էլ գյուղատնտեսություն չէ»: