
Արմինֆո. Տնտեսական օգուտը մեծացնելու և Կարս-Իգդիր-Դիլիչու երկաթուղու հետ արդյունավետ մրցակցելու համար TRIPP նախագծի մեջ պետք է ներառել նաև Երասխ-Գյումրի-Ախուրիկ երկաթուղին: Իհարկե, Ռուսաստանը դրան ընդդիմանալու է, բայց մենք պետք է պատրաստ լինենք։ Նման գնահատական է ներկայացրել ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։
«TRIPP-ի Implementation Framework-ի հրապարակումը շատ հարցերում հստակություն մտցրեց, որը կարծում եմ անհրաժեշտ էր նախագիծը անհարկի շահարկումներից պաշտպանելու համար, այդուհանդերձ, բաժակը կիսով չափ լիքն է, թե կիսով չափ դատարկ՝ շարունակում է մնալ սուբյեկտիվ մեկնաբանության հարց․․․
Ինձ համար, որպես տնտեսագետի, միանշանակ է, որ TRIPP-ը զուգակցվելով օգոստոսի 8-ին կնքած մյուս երկու փոխըմռման հուշագրերի հետ, Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի մեր տարածաշրջանում` Հարավային Կովկասում, միայն TRIPP-ի գծով ներդրումային փաթեթը (երկաթուղի և ավտոճանապարհ) այսօրվա դրությամբ, փորձագիտական գնահատականներով, կազմում է մոտ 500-600 մլն դոլար (Մեղրիի հատվածը), բայց սա այսբերգի միայն մի հատվածն է, այդ ներկայությունը մեր տնտեսության վրա դեռ տարբեր ձևերով դրսևորվելու է՝ սկսած մեր եվրոբոնդերի տոկոսադրույքների նվազումով, վերջացրած խոշոր միջազգային ընկերությունների՝ Հայաստանում գրասենյակ բացելու մտադրությամբ․․․
Այս կոնտեքստում տնտեսական օգուտները միայն TRIPP-ի հետ կապելը սխալ է, այն պարզ պատճառով, որ դա այսբերգի միայն երևացող մասն է, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի տնտեսական հետաքրքրություններն ավելի ծավալուն են․․․
Հ․Գ․ և բացի այդ, Երասխ-Գյումրի-Ախուրիկ երկաթուղին պետք է ներառվի TRIPP-ի նախագծում, տնտեսական օգուտները մեծացնելու և Կարս-Իգդիր-Դիլիչու երկաթուղուն արդյունավետ մրցակցելու համար, սրան, իհարկե, հակազդելու է Ռուսաստանը, բայց մենք պիտի պատրաստ լինենք․․․ հա՜, ու Հայաստանի «վճարելիք գինը» էլ առաջվանը չէ․․․», - գրել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ նախօրեին կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայում հնարավոր չէ նշել անհրաժեշտ ներդրումների ստույգ գումարները, քանի որ նախաձեռնության իրականացումը ենթադրում է առանձին նախագծերի մշակում, այդ թվում՝ ենթակառուցվածքային: «Օրինակ, պետք է կառուցվի երկաթուղի, թե որքան կարժենա այն, և ինչ ներդրումներ կպահանջվեն, այժմ անհնար է ասել։ Կարող են լինել միայն փորձագիտական գնահատականներ։ Դրա համար անհրաժեշտ են տեխնիկատնտեսական հիմնավորում և նախագիծ: Նախագծի հաստատումից և հաշվարկների իրականացումից հետո միայն հայտնի կդառնա յուրաքանչյուր առանձին նախագծի արժեքը», - նշել է Փաշինյանը։ "Ինչ վերաբերում է ամերիկյան կողմի ներդրումներին. այս պահին, որքան ես գիտեմ, արդեն 140 մլն դոլար է հատկացվել նախագծի նախապատրաստական փուլի համար", - հավելել է նա:
Անդրադառնալով ԱրմԻնֆո-ին հարցին, թե՝ որքան է լինելու Հայաստանի ներդրումների բաժինը նախագծի իրականացման գործում, և արդյոք Երևանը գիտի, թե որտեղից գումար վերցնի նախագծի իրականացման համար, վարչապետ Փաշինյանն ասել է․ "Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է փող փնտրում, այլ հենց փողն է փնտրում ՀՀ-ին":
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են համատեղ "Խաղաղության մասին հռչակագիր"՝ բաղկացած յոթ կետից: Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որն Ադրբեջանը կկապի իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով։
Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը սահմանային և մաքսային գործառնությունների նկատմամբ բացարձակ են և անվիճելի:
Ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։