Շաբաթ, 17 Հունվարի 2026 12:25
Ալինա Հովհաննիսյան

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ

Արմինֆո. Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», եւ հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

"Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

 

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս", - գրել է վարչապետը:

 

Նշենք, որ հունվարի 16-ին Fitch Ratings-ը հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի երկարաժամկետ արժութային վարկանիշի (LDFC ) կանխատեսումը "Կայունից" "Դրական" վերանայելու մասին՝ պարզաբանելով. «Դա արտացոլում է Հայաստանի միջազգային պահուստների ավելացումը և շարունակական կայուն աճը, որոնք կնպաստեն ֆիսկալ համախմբմանը՝ միջնաժամկետ հեռանկարում պարտքի կայունացմանը համապատասխան: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը կնքվել է ԱՄՆ աջակցությամբ, զգալիորեն նվազեցնում է ռազմական էսկալացիայի կարճաժամկետ ռիսկերը, սակայն պահպանվում է անորոշությունը դրա հաջող ավարտի վերաբերյալ՝ խորհրդարանական ընտրությունների մոտենալու և սահմանադրական բարեփոխումների հնարավոր հանրաքվեի առնչությամբ»։

 

Fitch-ի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.5% (2022-2024թթ. 8.9% միջին տարեկան աճի դիմաց՝  ռուսական կապիտալի ներհոսքի և միգրացիայի պատճառով), ինչին կնպաստի ակտիվ գործունեությունը շինարարության, ՏՏ և ֆինանսական հատվածներում: Հայաստանի ՀՆԱ աճը 2026 - 2027թթ. կգերազանցի 5% - ը, ինչին կնպաստեն ծառայությունների հատվածի կայուն աճը և "Ամուլսար" ոսկու հանքի բացումը, որը, ԱՄՀ գնահատականներով, 2026-2027թթ. ՀՆԱ-ի աճի մեջ կներդնի 1,25 տոկոսային կետ: Միջնաժամկետ հեռանկարում աճի լրացուցիչ ներուժը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կատարման շարունակմամբ և Թուրքիայի հետ սահմանի աշխատանքի վերսկսմամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2025 թվականի կեսերին, S & P Global Ratings-ը պահպանել էր Հայաստանի երկարաժամկետ և կարճաժամկետ ինքնիշխան վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների գծով՝ "BB-/B" մակարդակում ՝ "Կայուն" կանխատեսմամբ։