
Արմինֆո. TRIPP նախագծի ("Trump Route for International Peace and Prosperity", «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») իրագործումը սպառնալիք է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Նման տեսակետ է հայտնել էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Facebook-ի իր էջում փորձագետը նշել է, որ երթուղու ներքո կյանքի է կոչվելու Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի նախագիծը` կոչված ապահովելու էլեկտրաէներգիայի մատակարարում ադրբեջանական էքսկլավ եւ էլեկտրաէներգիայի սվոփ-մատակարարում Թուրքիայով Եվրոպա։
«ԵՄ-ն դա կանվանի դիվերսիֆիկացում, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգտոնի ազդեցության հերթական գործիք։
Հատկանշական է, որ 2025 թ. նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը Կոպենհագենում քննարկել են "Թրամփի ուղով" էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը։ Փաստացի քննարկվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումը ադրբեջանականին։ Այստեղից էլ` ԱԷԿ-ի մշուշոտ ապագան ու ՀԷՑ-ի "ոդիսականը"։
Առանձին խնդրր է նույն երթուղով գազատարի կառուցումը։ Հեռահար նպատակը "Անդրկասպյան գազամուղի" կառուցումն է, որով կապահովվի Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Թուրքմենստանից Եվրոպա գազի արտահանումը։
Սակայն դա երկարաժամկետ ու չափազանց բարդ նպատակադրում է` հաշվի առնելով նույն Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը։
Իսկ կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ով կառուցվող գազատարը կմիանա Հայաստանի գազատրանսպորտային համակարգին, ինչի արդյունքում էապես կնվազի գազի ներկրումը Ռուսաստանից ու կդրվի "Գազպրոմ Արմենիայի" պետականացման, այնուհետև արևմտյան որևէ ընկերությանը փոխանցելու հարցը։ Սցենարը նոր չէ», - նշել է փորձագետը։
Հիշեցնենք, որ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ամրագրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մտադրությունը: Թրամփը հայտարարել է, որ կարգավորվել է առանցքային հարցը, որը խանգարում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, և դա տարանցիկ երթուղու բացման հարց է, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքն իր էքսկլավ Նախիջեւանի հետ՝ հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակցությամբ։