
Արմինֆո.Այսօր "Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP Implementation Framework) նախագծի ազդեցությունը Հայաստանի ՀՆԱ - ի վրա կանխատեսելն անշնորհակալ գործ է։ Նման գնահատական է տվել Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով ՝ նախագծի տնտեսական էֆեկտը դրա իրագործման ժամանակ կախված կլինի ինչպես փոխադրվող ապրանքների ծավալներից, այնպես էլ հարակից այլ էֆեկտներից, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացումից:
Օրինակ, նախարարությունում չի հաշվարկվել Ադրբեջանի հետ որոշակի գործընթացների զարգացումը։ Մինչդեռ, ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանից դիզվառելիքի, հնարավոր է նաև ապագայում հեղուկ գազի ներկրումն արդեն դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ՀՆԱ-ի վրա:
Ինչ վերաբերում է TRIPP անհրաժեշտ ներդրումային փաթեթին, ապա, ֆինանսների նախարարի խոսքով, ինքը տվյալ պահին չի տիրապետում տեղեկատվությանը, քանի որ դա հայտնի կլինի նախագծման փուլում կամ դրա ավարտից հետո:
"Մենք ունենք ընդհանուր գնահատական, այսինքն, որքան կարժենա ապաշրջափակումը, բացակայող ենթակառուցվածքների համալրումը. այդ գնահատականներն արվել են մի քանի տարի առաջ, խոսքը մոտ 500 մլն դոլարի մասին է։ Բայց ժամանակը, իհարկե, իր սրբագրումներն է կատարում", - ընդգծել Է նախարարը։
Ի հաստատումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի ,թե "հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է փող փնտրում, այլ հենց փողն է փնտրում ՀՀ-ին", Վահե Հովհաննիսյանը նշել է, որ դրա օրինակն այն է, որ ՀՀ պետական պարտատոմսերը ներդնում են միջազգային ներդրողները: "Կարծում եմ, որ Հայաստանը վերածվում է ներդրողների համար գրավիչ վայրի", - ընդգծել է ֆինանսների նախարարը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով։
Հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում սստոորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։