Չորեքշաբթի, 21 Հունվարի 2026 17:47
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան

Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան

Արմինֆո. Հունվարի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը՝ որպես գործարար կապերի ամրապնդման և առևտրատնտեսական հարաբերությունների խորացման արդյունավետ հարթակ։

 

Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է գնում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանների բացման ուղով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային տնտեսական համագործակցության և ներդրումների համար։

 

«Հայաստանն ու Մեքսիկան ունեն համագործակցության մեծ ներուժ, որն այս պահին ամբողջությամբ իրացված չէ։ Վստահ եմ, որ համատեղ և նպատակային աշխատանքի շնորհիվ կարող ենք էականորեն ակտիվացնել տնտեսական կապերը և կյանքի կոչել նոր փոխշահավետ նախաձեռնություններ»,- նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները ագրոարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

 

Կողմերը կարևորել են տնտեսական երկխոսության ակտիվացումը և պատրաստակամություն հայտնել շարունակել փոխգործակցությունը քննարկված հարցերի շուրջ։