Հինգշաբթի, 22 Հունվարի 2026 12:30
Ալինա Հովհաննիսյան

ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո.  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում (ՁԻՀ) հյուրընկալել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը։

 

ՁԻՀ հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում հիմնադրամի փոխնախագահ Անահիտ Պարզյանը, «Ինժեներական քաղաք» ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը և թիմի անդամները ներկայացրել են Ինժեներական քաղաքի (Engineering City - Implemented by EIF) հայեցակարգը՝ որպես վերափոխման մոդել, Հայաստանում գիտական էկոհամակարգի, ինչպես նաև մարզային տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ՁԻՀ-ի ծրագրերը և այլ նախաձեռնություններ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են չեխական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները՝ այդ թվում արհեստական բանականության ուղղությամբ։ «ՁԻՀ-ը կարող է ապահովել նպաստավոր միջավայր հայ-չեխական տեխնոլոգիական համագործակցությունների համար»,– նշել է Անահիտ Պարզյանը։

 

Հյուրերը նաև շրջայց են իրականցրել Ինժեներական քաղաքի տարածքում՝ տեղում ծանոթանալով առկա նորարարական միջավայրային ու ենթակառուցվածքային հնարավորություններին։

 

Նշենք, որ "Ձեռնարկությունների ինկուբատոր" Հիմնադրամը զբաղվում է տեխնոլոգիական ձեռներեցության և ինովացիոն էկոհամակարգի զարգացմամբ: ՁԻՀ-ը ծրագրեր է իրականացնում ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում ՝ նպաստելով ստարտափների ստեղծմանը, նորարարական ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային տեխնոլոգիական աճին:

 

Խոշոր նախագծերից մեկը, որն իրականացնում է Հիմնադրամը, "Ինժեներական քաղաքն" է ։ Կառավարության 2020 թվականի հուլիսի որոշման համաձայն ՝ հիմնադրամը նշանակվել է ծրագրի օպերատոր և պատասխանատու է պետության և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ինժեներական կլաստերի կառավարման, զարգացման և շահագործման համար: