
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը: Այդ մասին ասվում է "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ ։
«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի Առևտրի Պալատի (ՍԱՊ) կողմից նշանակված արտակարգ արբիտրը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության, Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի դիմումի հիման վրա, պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) նկատմամաբ «Էներգետիկայի մասին» օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի այն դրույթների կիրառությունից, որոնք ընդունվել են 2025 թվականի հուլիսին, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած հետագա քայլերից, որոնք ուղղված են ՀԷՑ-ի էքսպրոպրիացիային (սեփականազրկման)։
Կողմերի միջև հիմնական վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հստակ հաստատել է, որ ՍԱՊ-ի 2023 թվականի Արբիտրաժային կանոնակարգի II հավելվածի 9-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ արբիտրի որոշումը պարտադիր է կողմերի համար և ենթակա է անհապաղ կատարման։
Միևնույն ժամանակ արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէ։
Արբիտրաժային կազմը նաև առանձին ընդգծել է, որ Հայաստանը չի դիմել որոշման չեղարկման կամ փոփոխման խնդրանքով։ Այս հանգամանքը լրացուցիչ հաստատում է Հայաստանի կողմից որոշման պարտադիր ուժի ճանաչումը։
Չնայած Հայաստանի Հանրապետության կողմից արտակարգ արբիտրի որոշման ակնհայտ խախտումներին, ներառյալ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումը, արբիտրաժային կազմը որոշել է սկզբնական այս փուլում գնահատական չտալ այդ գործողություններին։
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից թույլ տրված բոլոր խախտումները կդիտարկվեն արբիտրաժային քննության ավելի ուշ փուլում՝ հիմնական վեճի քննարկման շրջանակում, և կգնահատվեն որպես Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագրի խախտումը ծանրացնող հանգամանքներ», - ասվում է հայտարարությունում։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ուորում ասվում է․ «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։
Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։
Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»։
Հիշեցնենք, որ 2016 թվականից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն պատկանում է Սամվել Կարապետյանի "Տաշիր" ընկերությունների խմբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցության վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից եւ նրա կալանավորումից հետո: Ավելի ուշ խորհրդարանն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են ՀԷՑ-ը վերադարձնել պետական վերահսկողության տակ: Իսկ ՀԾԿՀ ղեկավարը նախորդ տարվա հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ է նշանակել Ռոմանոս Պետրոսյանին: Վերջինս հուլիսի 24-ից սկսել է կադրային առաջին փոփոխություններն իրականացնել ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, չնայած Ստոկհոլմի արբիտրաժի որոշումներին ՝ չփոխել ընկերության ղեկավար մարմինների կազմը ։ Օգոստոսի 9-ին "Հայաստանի էլեկտրական ցանցերի" բաժնետեր եւ "Տաշիր Կապիտալ" - ի գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի ՝ պահանջելով ճանաչել ընկերության մենեջմենթը փոխելու ՀԾԿՀ-ի իրավազորության բացակայությունը:
Սեպտեմբերի 20-ին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի հետ կապված կառավարության ծրագրերը: Գործընթացը, նրա խոսքով, առաջ կընթանա մի քանի սցենարներով։ Առաջինը ՝ "Էլեկտրացանցերը" ազգայնացվում է եւ փոխանցվում հուսալի մասնավոր կառավարման ՝ ամբողջովին մնալով պետական։ Երկրորդ ՝ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը փոխանցվում է էներգետիկայի ոլորտի հեղինակավոր միջազգային մենեջերին։ "Ընդ որում, ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի բաժնետոմսերի այնպիսի փաթեթ, որը թույլ կտա ապահովել կառավարության ռազմավարական ներկայությունն այդ կենսական ենթակառուցվածքում", - ասել է Փաշինյանը: Երկրորդ սցենարին իշխանությունները կդիմեն միայն այն դեպքում, եթե պարզվի, որ առաջին սցենարով ծախսերը անհամաչափ մեծ կլինեն պետական բյուջեի համար։