
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա Ս․Ա․» ընկերության ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները, մասնավորապես, երկուստեք ընդգծել են օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման շուրջ կառուցողական մթնոլորտում ընթացած բանակցությունների նշանակությունը հետագա համագործակցության տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Կառավարության 2026 թվականի հունվարի 22-ի թիվ 93-Ա որոշմամբ հավանության արժանացած կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը:
Նշենք, որ 2002 թվականի հունվարի 8-ի թիվ 17 որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված կոնցեսիոն պայմանագիրը, որի համաձայն, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարի ժամկետով փոխանցվել է կոնցեսիոն կառավարման։ Կոնցեսիոնարի կողմից կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում իրականացվող ներդրումները պետք է կատարվեն կառավարության կողմից հաստատված գլխավոր հատակագծին և դրա փոփոխություններին համապատասխան։
Ինչպես հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, հինգերորդ լրացումը նախատեսում է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները մինչև 2033 թվականը կներդնի 425 միլիոն դոլար, իսկ կոնցեսիոն պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը։