
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։
Մասնավորապես, նորմատիվային ակտերի առաջին փաթեթը հետևյալն է․
1․ լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը,
2․ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը,
3․ղեկավարների գրանցումը կարգավորող Կանոնակարգ 7/05-ը։
4․կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ը։
«Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, որոշակի կապիտալի պահանջի բավարարում՝ կախված ծառայության տեսակից, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցման գործընթաց։
Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (04/07/2025թ․) ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ, վերոնշված կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած մեկ տարվա ընթացքում պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, հակառակ դեպքում պետք է դադարեցնեն այդ ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն մոտեցումը տարածվում է նաև այն իրավաբանական անձանց վրա, որոնք «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձևի փոփոխմամբ։
Բացի այդ, այն թողարկողները կամ տեղաբաշխողները, որոնք մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ի ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառել են կրիպտոակտիվներ, պետք է Կանոնակարգ 7/04-ն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը հրապարակեն և Կենտրոնական բանկ ներկայացնեն կանոնակարգի պահանջներին բավարարող առաջարկի փաստաթուղթ (եթե այդ կրիպտոակտիվները դեռևս շրջանառվում են և օրենսդրությամբ դրանց համար առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառություններ սահմանված չեն)», - ասվում է ԿԲ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ից։ Այդ օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առքուվաճառքի, ծառայությունների մատուցման և շուկայի նկատմամբ վերահսկողության ընդհանուր կանոնները: Այս կանոնակարգը, պահպանելով հավասարակշռությունը նորարարության խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև, որոշակիություն է մտցնում իրավական դաշտում ՝ հնարավորություն ստեղծելով բիզնեսի համար աշխատել ավելի կանխատեսելի և անվտանգ միջավայրում: Օրենքը նաեւ նախատեսում է կարգավորման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն հուսալի եւ թափանցիկ ընկերություններին, ինչը նախապայման է կրիպտոակտիվների գնորդների իրավունքների պաշտպանության եւ այս շուկայի նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար: Ավելին, կարգավորման հիմքում ընկած է "նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը" սկզբունքը, համաձայն որի, կրիպտոակտիվների հետ կապված գործունեության իրականացումը, որն իր բնույթով նման է ցանկացած ավանդական ֆինանսական գործունեության և կապված է համանման ռիսկերի հետ, պետք է պատշաճ կերպով կարգավորվի ։ Փաստորեն, ինչպես և նախատեսվում էր, սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս անց ՀՀ ԿԲ խորհուրդը ներդրման է նախապատրաստել դրանում նախատեսված պահանջները կարգավորող հիմնական ենթաօրենսդրական ակտերը: