
Արմինֆո. Մեր էներգետիկ համակարգը միացված է Վրաստանին և Իրանին, և, կարծում եմ, ճիշտ կլինի, որ միացվի նաեւ Թուրքիային ու Ադրբեջանին։ Հունվարի 29-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես էներգետիկ ցանցի ընդլայնումից շահաբաժին նա նշել է տարածաշրջանի հնարավորությունների ընդլայնումը, Հայաստանի մուտքը միջազգային շուկաներ, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման մատակարարումների ծավալները, ինչպես նաև Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման դեպքում Ադրբեջանի կողմից վճարվող տարանցման վճարները, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ: «Եկեք պատկերացնենք, որ ցանցը միացել է, իսկ իմ ներկայացրած մոդելները չեն աշխատել: Բայց, առնվազն, Հայաստանը եկամուտներ կստանա տարանցման դիմաց, այդ թվում ՝ հնարավորություններ կբացվեն մասնավոր հատվածի համար», - պարզաբանել է նա։
Բացի այդ, կառավարության ղեկավարը նշել է նաև TRIPP-ի (Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) շրջանակներում հասանելի հնարավորություններն ու օգուտները՝ նախատեսված էներգետիկ նախագծերի իրականացման համատեքստում:
«Աշխատանքներ են ընթանում: Երբ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք կտեղեկացնենք։ Իսկ հիմա առկա է քաղաքական ըմբռնում։ Մենք վերլուծել ենք, և կարծում եմ, որ իրենք (ադրբեջանական կողմը) նույնպես վերլուծություն են իրականացրել։ Փոխադարձաբար փորձագիտական մակարդակով սպառնալիքներ մենք չենք տեսնում, ընդհակառակը՝ հնարավորություն, հատկապես՝ խաղաղության ամրապնդման համատեքստում", - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման նախագծերը կարող են ծառայել որպես անվտանգության ամուր երաշխիքներ, քանի որ խոշոր խաղացողներն ավելի քան շահագրգռված են, որպեսզի հաղորդակցություններն անխափան եւ անվտանգ գործեն: «Անվտանգության ավելի հուսալի երաշխիքներ չեն կարող լինել: Դրանց մասին մեր վաղեմի պատկերացումները պետք է թարմացվեն։ Որովհետև այն, ինչով մենք նախկինում առաջնորդվել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը 2020 - 2023թթ. շրջանում», - նշել է վարչապետը։