
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման հարցում և պատրաստակամ ենք ընդլայնել գործնական տնտեսական համագործակցությունը Բուլղարիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը անդրադարձել է նաև ՀՀ տնտեսության ոլորտի առաջնահերթություններին՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման կարևորությունը, տեղական արտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը և դրա համապատասխանեցումը Եվրոպական միության չափանիշներին։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կրճատվել Է 21,6% - ով ՝ կազմելով 92,7 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը գրանցել է 20% անկում ՝ մինչև 62,3 մլն դոլար՝ ներմուծման 24,8% կամ մինչև 30,4 մլն դոլար անկման ֆոնին։