
Արմինֆո. Հայաստանում դատարանների որոշումները չպետք է ազդեն խաղային գործունեության օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա։ Այդ մասին փետրվարի 4-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարել էր խաղատնային գործունեության օպերատորի ընտրության մրցույթ, որը 15 տարվա ընթացքում զբաղվելու է խաղատնային գործունեության շուկայի կարգավորմամբ: Օպերատորին վերապահվելու են թվային ենթակառուցվածքի ստեղծման լիազորություններ, որտեղ ներկայացված են լինելու շահումով խաղերի և խաղատների բոլոր կազմակերպիչները: Օպերատորի խնդիրը կներառի նաև խաղային բիզնեսի բոլոր մասնակիցների, խաղադրույքների և շահումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում: Այդ խնդիրների լուծմանն են ուղղված "Խաղային գործունեության կարգավորման մասին", "Գնումների մասին", "Պետություն-մասնավոր գործընկերության մասին" օրենքներում փոփոխությունների փաթեթը, ինչպես նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունները:
Սակայն, ինչպես նշել է Գեւորգյանը, կան մասնակիցներ, որոնք ամեն կերպ փորձում են հակազդել նորամուծություններին։ Փաթեթով նախատեսված է, որ անգամ դատական հայցերի առկայության դեպքում օպերատորի ընտրության գործընթացը չպետք է կանգ առնի ։ Հայցերը կարող են ներկայացվել և քննվել դատարաններում, սակայն դա չպետք է ազդեցություն ունենա օպերատորի ընտրության մրցութային գործընթացի վրա: Մրցույթի առաջին փուլն արդեն կայացել է, և սկսվում է երկրորդ փուլի նախապատրաստումը: Որակավորման առաջին փուլում հայտ են ներկայացրել երեք կազմակերպություններ, որոնցից մեկը պատշաճ մակարդակով չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Այս փուլում խոսվել է ֆինանսական և կազմակերպչական պահանջների մասին, իսկ երկրորդում արդեն կներկայացվեն տեխնիկական բնույթի պահանջներ:
Նշենք, որ հանձնաժողովը հավանություն է տվել ներկայացված փաթեթին՝ հանձնարարելով ԱԺ խորհրդին այն ընդգրկել ԱԺ լիագումար նիստի օրակարգում և քննարկել անհետաձգելի ռեժիմով, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում: