
Արմինֆո. Փետրվարի 5-ին Շրջակա միջավայրի նախարարությունում կնքվել է քառակողմ հուշագիր՝ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճապոնական «KOMAIHALTEC» ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև։
Ծրագրի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն աշխատելու է ճապոնական Komaihaltec Inc. ընկերության հետ՝ ընկերության տարածքում ԶՊՄԿ-ի ներքին կարիքների համար հողմային էներգիայով աշխատող փակ հիբրիդային էներգահամակարգի ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ։
Նախաձեռնության նպատակն է ապահովել վերականգնվող էներգիայի արտադրություն և օգտագործում ԶՊՄԿ-ի գործունեության տարբեր ուղղություններում՝ նպաստելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և էներգաարդյունավետության բարձրացմանը։
Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը ողջունել է կողմերին և կարևորել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և կլիմայական քաղաքականության առաջնահերթություններին։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը խոսել է այն մասին, որ ԶՊՄԿ-ն արդեն տևական ժամանակ է վերականգնվող էներգետիկ ծրագրերը դրել է ընկերության զարգացման և արդիականացման առանցքում․ «Արդեն այսօր ԶՊՄԿ հարակից մի քանի համայնքներում ընկերության ջանքերով տեղադրվել են արևային կայաններ՝ համայնքների էներգետիկ կարիքների համար։ Ընկերությունը ծրագրում է նաև սեփական կարիքների համար արևային կայանի ծրագրի իրականացումը։ Հայաստանի ներուժը վերականգնվող էներգիայի ոլորտում, ինչպես և հանքարդյունաբերության ոլորտում հսկայական է։ ՀՀ կառավարության, ճապոնական Komaihaltec ընկերության և ԶՊՄԿ համատեղ ծրագիրը ընդգծում է այս ոլորտի առաջնահերթությունը Հայաստանի կառավարության համար և հատուկ կարևորությունը բիզնեսի համար։ Միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ ու հորիզոններ է բացում Հայաստանի համար էներգետիկ անկախության և բնապահպանական կայունության ուղղությամբ»:
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մինչև 2050 թվականը ցածր ածխածնային զարգացման ռազմավարություն, և այս նախագիծը կարող է դառնալ արդյունաբերական զարգացման և կլիմայական պատասխանատվության հաջող համադրության օրինակ։
Կողմերը լիահույս են, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և կծառայի միջազգային լավագույն փորձի ներդրմանը։
Հիշեցնենք, որ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ - ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի ։ Կոմբինատը թողարկում է մոլիբդենի և պղնձի խտանյութեր։ Մոլիբդենի խտանյութը պարունակում է 50% մոլիբդեն, պղնձի խտանյութում պղնձի պարունակությունը 15% - ից ցածր չէ: Ձեռնարկության արտադրանքի ծավալը կազմում է տարեկան մոտ 22 մլն տոննա հանքաքար։ ԶՊՄԿ-ի բաժինը մոլիբդենի համաշխարհային արտադրության մեջ կազմում է մոտ 3,8%:
Komaihaltec Inc.-ը ճապոնական խոշոր արդյունաբերական ընկերություն, որը մասնագիտացած է ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման և կառուցման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառի լուծումների՝ քամու գեներատորների և արևային էներգետիկ համակարգերի մշակման և տեղադրման մեջ: 2026 թվականի հունվարի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացումը կազմել է մոտ 9,35 մլրդ իեն, հասույթը՝ շուրջ 34,73 մլրդ իեն, զուտ շահույթը՝ 1,60 մլրդ իեն։