
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, զարգացման ռազմավարությանը և ավիացիոն ոլորտում իրականացվող ծրագրերին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են պետական նշանակության ծառայությունների, բժշկական և զբոսաշրջային ուղղություններով ընկերության կողմից իրականացվող աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել բժշկական տարհանման և շտապ բժշկական ուղղաթիռային թռիչքների, արկածային տուրիզմի և փոքր ավիացիայի հնարավորությունների վերաբերյալ:
Երկրի ղեկավարին նաև ներկայացվել են պետական գերատեսչությունների՝ Ներքին գործերի նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի հնարավորությունները: Կարևորվել է մասնավոր և պետական հատվածների միջև արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության և բնակչության անվտանգության ապահովման:
2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ավիաընկերություն, որն իրավունք է ստացել շահագործել Airbus Helicopters H125/AS350 B3e թեթև ուղղաթիռներ, ինչպես նաև բարձրակարգ Robinson R66 ուղղաթիռները: Ընկերությունը հիմնված է Երևանում (Ջրվեժ):
Ավիաընկերության կողմից շահագործվող Airbus Helicopters H125/AS350 B3e և Robinson R66 ուղղաթիռները նախատեսված են, համապատասխանաբար, 5 և 4 ուղևորների հատուկ նշանակության էքսկուրսիոն չարտերային չվերթներ իրականացնելու համար: Ավիաընկերության կողմից ուղղաթիռներով իրականացվող թռիչքների հիմնական առավելություններն այն են, որ ուղղաթիռները վայրէջք են կատարում ցանկացած նախապատրաստված բացօթյա տարածքում: