
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը 2026 թվականի փետրվարի 2-4-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից կազմակերպված «Unlocking Opportunities, Securing the Future» խորագրով «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառումը համախմբում է բարձր մակարդակի քաղաքականություն մշակողներին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց և փորձագետներին, ինչպես նաև բիզնեսի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին ՏՀԶԿ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներից և միջազգային զարգացման գործընկերներից։
Միջոցառման շրջանակում Լիլյա Սիրականյանը, որպես բանախոս, հանդես է եկել «Unlocking Growth through Competitiveness, Investment and Trade» և «Powering a Green and Inclusive Transition: Fast-Tracking Sustainable Infrastructure» պլենար քննարկումներին։
Նշենք, որ ՏՀԶԿ Եվրասիական շաբաթը ամենամյա միջազգային միջոցառում է, որը ծառայում է որպես հարթակ Եվրասիական տարածաշրջանի երկրների, ՏՀԶԿ անդամ պետությունների և միջազգային գործընկերների միջև տնտեսական զարգացման, մրցունակության և կայուն աճի հարցերի շուրջ երկխոսության համար: Եվրասիական շաբաթվա շրջանակներում քննարկվում են ներդրումային և առևտրային քաղաքականության, կառուցվածքային բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման, «կանաչ» և ներառական անցման, թվայնացման և տարածաշրջանային տնտեսական կապվածության հարցերը: Համաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների տնտեսական քաղաքականությունների մերձեցմանը ՏՀԶԿ լավագույն փորձին և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով համագործակցության ընդլայնմանը: