
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր։ Ռև Լեբարեդյանը նշել է, որ կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս առումով, կողմերը կարևորել են NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։
Նիկոլ Փաշինյանը և Ռև Լեբարեդյանն անդրադարձել են Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի հետագա զարգացմանը, պետական կառավարման համակարգում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արհեստական բանականության ներդրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետն այդ առումով ընդգծել է մասնավոր հատվածի կողմից աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։
Ռև Լեբարեդյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է գաղափարը և հայտնել Կառավարության աջակցությունն այն կյանքի կոչելու գործում։
2025 թվականի նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաներով զբաղվող ամերիկյան Firebird ընկերությունը ԱՄՆ կառավարությունից ստացել է արտահանման լիցենզիա և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 մլն դոլար ներդրման մասին։ Ինչպես ասվում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարության մեջ, դա բազմամիլիարդանոց մեգանախագծի սկզբնական փուլն է, որն ուղղված է տարածաշրջանում ԱԲ բարձրակարգ գերհամակարգչային ենթակառուցվածքների ներդրմանը: «Այս նվաճումը նոր էջ է բացում ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության մեջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարությունների և ԱԲ ոլորտի զարգացման գործում: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր NVIDIA-ն Փարիզում կայացած GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը՝ հիմնված Dell Technologies-ի բարձր արդյունավետության PowerEdge AI սերվերների և NVIDIA Blackwell GPU-ների (GPU) վրա: Այս GPU - ները թույլ կտան հետազոտական ինստիտուտներին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին մասշտաբավորել ԱԲ ժամանակակից մոդելները: Ծրագրի առաջին փուլի մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի առաջին կեսին ՝ Հայաստանը դիրքավորելով որպես տարբեր ոլորտներում ԱԲ նորարարությունների տարածաշրջանային կենտրոն ՝ շեշտը դնելով կյանքի գիտության, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների վրա", - նշվում է հայտարարության մեջ։ Նաև ընդգծում է, որ Firebird-ի ապագա կենտրոնները կապահովեն հուսալի և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք, որը կառուցված է ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ստանդարտների վրա ՝ սպասարկելով զարգացող շուկաները: «Մեր նպատակն է ԱԲ-ը հասանելի դարձնել բոլորին ՝ հանուն ընդհանուր բարիքի: Մենք ստեղծում ենք տեխնոլոգիական շրջանակ, որը հնարավորություն կտա ինժեներներին, հետազոտողներին և ստեղծագործողներին ամբողջ աշխարհում աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով", - ասել է Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը:-