
Արմինֆո.Փետրվարի 19-ին Հայաստանում նշվող Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Մեդիամաքս մեդիա ընկերությունը, «Հայորդի» հիմնադրամն ու Իդրամը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ:
Իդրամի տրամադրած օժանդակության շնորհիվ Մեդիամաքսը «Հայորդի» հիմնադրամին է փոխանցել բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը» գրքի 100 օրինակ՝ շահառուներին նվիրելու համար:
Գրքում հեղինակը ականատեսի աչքերով ներկայացնում է իրադարձությունները, որոնք ծավալվել են 2020 թվականի պատերազմից հետո մինչև 2023 թվականի սեպտեմբերի Արցախի հայաթափությունը:
Գիրքը թարգմանվել է Մեդիամաքսի կողմից եւ հրատարակվել է 2025 թվականի սեպտեմբերին:
«Երբ «Մեր հայրերի մոխիրը» Մեծ Բրիտանիայում նոր էր լույս տեսել, Գաբրիել Գևինը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր համար կարեւոր է, որ գիրքը կարդան «սովորական» մարդիկ, քանի որ ինքը գրել է հենց նրանց մասին: Ուրախ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կարողացանք ինչ-որ չափով կյանքի կոչել Գաբրիելի ցանկությունը», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով որպես կրթությունը կարևորող ընկերություն Իդրամը ամեն տարի մասնակցում է գրքի տոնին տարբեր ձևաչափերով: «Այս տարի որոշեցինք «Մեր հայրերի մոխիրը» գիրքը նվիրել: Սա կարևոր վավերագրական աշխատանք է, որը հնարավորություն է տալիս փաստերի և անձնական պատմությունների միջոցով վերապրելու ու հասկանալու մեր պատմության ամենաբարդ փուլերից մեկը։ Մենք վստահ ենք, որ նման գրքերը ոչ միայն տեղեկություն են փոխանցում, այլև ձևավորում են մտածողություն, պատասխանատվության զգացում և արժեքային համակարգ։ Ուրախ ենք աջակցել նախաձեռնությանը, որպեսզի գիրքը հասնի իր ընթերցողին», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Այս համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն պարզապես գրքերի նվիրատվություն չէ, այլ տարիների վստահելի գործընկերության շարունակություն։ Թե՛ Մեդիամաքսը, թե՛ Իդրամը տարիներ շարունակ եղել են «Հայորդի» հիմնադրամի կողքին՝ յուրաքանչյուրն իր մասնագիտական ոլորտում անելով առավելագույնը մեր երեխաների և նրանց ընտանիքների համար։ Նրանց աջակցությունը չի սահմանափակվում մեկ նախաձեռնությամբ. դա հետևողական ներկայություն է, պատասխանատվություն և իրական ներգրավվածություն», - ասել է «Հայորդի» հիմնադրամի տնօրեն Վաչե Վարդանյանը: