Չորեքշաբթի, 18 Փետրվարի 2026
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Բուլղարիան պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Հայաստանն ու Բուլղարիան պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջև պատմականորեն ձևավորված սերտ հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների բարեկամության և մշակութային ավանդական կապերի վրա։ Նախարարն ընդգծել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները զարգանում են դրական և կառուցողական մթնոլորտում, իսկ բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր դեր են խաղում համագործակցության հետագա խորացման գործում։

 

Դեսպան Նիկոլա Նիկոլովը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամական և մշակութային կապերը ամուր հիմք են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման համար։ Նրա խոսքով՝ առկա է համագործակցության մեծ ներուժ, որը կարող է նպաստել տնտեսական զարգացման կայուն գործընթացին։ Դեսպանը ներկայացրել է նաև Բուլղարիայի կառավարության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը տեխնոլոգիական զարգացման ոլորտում։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղություններին. ստարտափ էկոհամակարգերի զարգացում, ինչպես նաև հայկական հաջողված նախաձեռնությունների արտահանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Բուլղարիայում ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման և «Sevan Startup Summit»-ի անցկացման հեռանկարներին։ Այս համատեքստում ընդգծվել է Sofia Tech Parkի և ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև համագործակցության ակտիվացման կարևորությունը:

 

Քննարկվել են նաև նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, որպես միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պատվիրակության՝ Սոֆիա կատարած այցի շրջանակում տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ռազմավարական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ արհեստական բանականություն, տիեզերական հետազոտություններ, թվային առողջապահություն և կենսատեխնոլոգիաներ, ՏՏ մասնագետների փոխանակում և ստարտափ էկոհամակարգի զարգացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների առևտրայնացում։

 

Անդրադարձ է կատարվել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորություններին, ինչպես նաև ոլորտում մասնագետների փոխանակման և տաղանդների վերապատրաստման ծրագրերին։

Կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը և պայմանավորվել ձեռնարկել գործնական քայլեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առաջիկա ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով: