Ուրբաթ, 20 Փետրվարի 2026
Նաիրա Բադալյան

Տիգրան Խաչատրյանն ու Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տարածաշրջանային ծրագրեր

Տիգրան Խաչատրյանն ու Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տարածաշրջանային ծրագրեր

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

 

Ողջունելով նախարար Քվրիվիշվիլիի այցը Հայաստան՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացումը երկուստեք դիտարկվում է որպես կարևոր հանձնառություն, ինչն արտացոլվում է երկկողմ հարաբերությունների ներկա դինամիկայով։

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, կարևորելով քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև համագործակցության այլ կարևոր ուղղությունների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է առկա համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերություններում դեռևս չիրացված ներուժն իրացնելու և դրանից բխող հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու տեսանկյունից։

 

Տիգրան Խաչատրյանը և Մարիամ Քվրիվիշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի շուրջ՝ անդրադարձ կատարելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա իրականացման շրջանակներում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին։