
Արմինֆո.2026 թվականի մարտի 3-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում, կկայանա Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը երկրի ֆինանսական և ներդրումային համայնքի համար։
Համաժողովի կազմակերպիչն է Freedom Broker Armenia-ն։ Միջոցառումը կանցկացվի «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրի ներքո և կհամախմբի պետական կառույցների ներկայացուցիչների, բիզնեսի, միջազգային փորձագետների, ներդրողների և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների։
Համաժողովի հաստատված միջազգային խոսնակների շարքում է Մայք Ռուբինոն՝ միջազգային խորհրդատվական Forward Global ընկերության գործընկերը և Դոնալդ Ջ. Թրամփի ընտրարշավի նախկին ավագ խորհրդականը։ Համաժողովի շրջանակում նա հանդես կգա հատուկ ելույթով՝ ներկայացնելով իր տեսլականը համաշխարհային տնտեսական և քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ազդում են ներդրումային միջավայրի և կապիտալի շուկաների զարգացման վրա։
Համաժողովը կդառնա հարթակ՝ քննարկելու համաշխարհային ֆինանսական համակարգի վերափոխման և այդ գործընթացներում Հայաստանի դերի հետ կապված ռազմավարական հարցերը։ Քննարկումների կենտրոնում կլինեն փոքր տնտեսություններում կապիտալի շուկաների զարգացումը, նոր ներդրումային հնարավորությունները, ֆինանսական ոլորտի թվայնացումը, ինչպես նաև կայուն տնտեսական աճի խթանման գործիքները։
Համաժողովի գործարար ծրագիրը կանդրադառնա երկրի ֆինանսական ոլորտի զարգացման առանցքային ուղղություններին և հեռանկարներին։ Ամենալայնածավալ միջոցառումը կլինի «Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ՝ կապիտալի շուկաների պրիզմայով» թեմայով լիագումար նիստը։
Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված ներքին ներդրողների զարգացմանը և կապիտալի շուկա ընկերությունների ներգրավմանն ուղղված մեխանիզմներին։
Համաժողովը կեզրափակվի «Մարդկային կապիտալն ու ապագայի ֆինանսները» աշխատանքային նիստով, որից հետո մասնակիցները հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու միջոցառման ոչ պաշտոնական միջավայրում։
Միջոցառման մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում։
_