
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆորմուլա 1-ի մայր կազմակերպության՝ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) սպորտի գլխավոր քարտուղար Վալերիո Յակիցիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և FIA-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Ֆորմուլա 1-ի շրջանակներում, որի նպատակն է մոտոսպորտի արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացումը, միջազգային միջոցառումների կազմակերպմամբ զբոսաշրջության խթանումը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության և դիրքի բարձրացումը միջազգային շուկայում։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և ենթակառուցվածքային ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման կարևորությունը։ Նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։
FIA-ն Ֆորմուլա 1-ի մրցարշավների կառավարման մարմինն է։ Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը պատասխանատու է սպորտի բոլոր ասպեկտների կարգավորման և վերահսկողության համար, ներառյալ անվտանգությունը, տեխնիկական կարգավորումները և մարզական կանոնները։
FIA-ն հիմնադրվել է 1904 թվականին և գտնվում է Փարիզում, Ֆրանսիա։ Այն ունի 246 անդամ կազմակերպություն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ազգային ավտոմոբիլային ակումբներ, ինչպես նաև արտադրողներ և մատակարարներ։