ԱրմԻնֆո. Վերջին երկու տարիներին Հայաստանի ջրամատակարարման համակարգերի արդիականացման աշխատանքների ծավալները եռապատկվել են։ Այդ մասին փետրվարի 26-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներն իրականացվում են երկրի ջրային համակարգի օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերության հետ համատեղ և ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան: Եթե նախկինում ընկերությունը պետք է տարեկան 1,5 մլրդ դրամի ներդրում կատարեր, ապա հետագայում այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 2,5 մլրդ դրամի ։ Ներկայումս պարտադիր կապիտալ աշխատանքների կատարմանն ուղղվում է շուրջ 11 մլրդ դրամ: Ընդ որում, ինչպես ընդգծել է Ղալամքարյանը, ներդրումներ են իրականացվում ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում։ Մասնավորապես, ծրագրեր են իրականացվում Լոռու, Կոտայքի, Արագածոտնի մարզերում։ Ընդամենը մի քանի օր առաջ համատեղ ներդրումների արդյունքում "Վեոլիա ջուրը" երկու գյուղերում ջրամատակարարումը 4 ժամից հասցրեց 15-ի։ Նման բնակավայրերը, ինչպես նշել է Ջրային կոմիտեի ղեկավարը, բավականին շատ են։ Ծրագրի իրականացման արդյունքում լուծվում է ջրային ենթակառուցվածքների արդիականացման և կորուստների նվազեցման հաշվին ջրային ռեսուրսների խնայողության խնդիրը, զուգահեռաբար լուծվում է ապօրինի միացումների խնդիրը:
Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ նախատեսվում է, որ 2025-2027 թվականներին ներդրումների ծավալները կկազմեն 22 մլրդ դրամ, ինչը թույլ կտա խնայել 300 լիտր ջուր՝ մեկ վայրկյանում: Նա նշել է, որ իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հանրությանը կներկայացվեն ջրամատակարարման նոր ժամանակացույցեր: Ջրային կոմիտեի ղեկավարը չի թաքցնում, որ ջրային տնտեսության համակարգն իր մաշվածության պատճառով լի է թերություններով, ունի բազմաթիվ թերություններ՝ միաժամանակ մնալով գործող համակարգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ջրային համակարգի օպերատոր "Վեոլիա Ջուր" ընկերությունը հրապարակել էր ջրամատակարարման ժամանակացույց, ըստ որի, այս տարվա մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը հանրապետության գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Երևանում նախատեսվում էր ներդնել 17-ժամյա ջրամատակարարում, ինչը խիստ բացասական հասարակական արձագանք առաջացրեց: Ավելի ուշ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հաղորդել է, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցում փոփոխություններ չեն լինի: