
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. մարտի 2-6-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները սկսել են կրճատվել, ռուբլով գործարքների անկումն արագացել է, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։
Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը ծավալվել է 2,6 անգամ էական աճից դեպի 35 տոկոս անկում, ռուբլով գործարքների թրենդի անկումը պահպանվել է՝ տեմպերի 40,2 տոկոսից մինչեւ 78 տոկոս արագացմամբ, իսկ եվրոյով գործարքները կրկին դադարել են իրականացվել։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայության ամրապնդում ռուբլով գործարքների նկատմամբ՝ խզումը 1,3 անգամից հասցնելով 4 անգամի։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (02-06.03.26-ը ՝ 23-27.02.26-ի համեմատ) դոլարի առք ու վաճառքի աճի միտումը պահպանվել է, եվրոյին առնչվող գործարքներում առքի աճի արագացումն ուղեկցվել է վաճառքի անկմամբ, իսկ ռուբլով գործարքներում առքի անկումը դանդաղել է վաճառքի աճի կտրուկ արագացման պայմաններում։ Արդյունքում՝ ս.թ. մարտի 2-6 - ն ընկած ժամանակահատվածում դրամը սկսել է թուլանալ դոլարի նկատմամբ' 376,5-ից մինչև 376,8 դրամ/1դոլար, ընդ որում, տրամադրվելով եվրոյի նկատմամբ արժևորման' 445,5-ից մինչև 439 դրամ/ 1եվրո, և շարունակելով ամրապնդվել ռուբլու նկատմամբ' 4,87-ից մինչև 4,75 դրամ/ 1 ռուբլի: Մեկ տարի առաջ ՝ 2025թ. մարտի 6 - ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 395,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ ՝ 426 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,37 դրամ/ 1 ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի նկատմամբ դրամի տարեկան 5%-ով արժևորման և եվրոյի ու ռուբլու նկատմամբ, համապատասխանաբար, 3%-ով և 9%-ով արժեզրկման մասին։