
Արմինֆո. Ֆրանսիական TotalEnergies ընկերությունը նախատեսում է 2029 թվականի սեպտեմբերի 1-ին սկսել բնական գազի արդյունահանումը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Ապշերոն» հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակներում։ Այս մասին նշված է հանքավայրի լիամասշտաբ մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծում։
«Ըստ նախագծի ժամանակացույցի՝ ցամաքային և ծովային շինարարական աշխատանքների, ինչպես նաև շահագործման հանձնելու միջոցառումների ավարտից հետո ակնկալվում է, որ երկրորդ փուլի առաջին գազը կարդյունահանվի 2029 թվականի սեպտեմբերի 1-ին», — ասված է փաստաթղթում։
TotalEnergies-ը նշում է, որ հանքավայրի լիամասշտաբ մշակման հայեցակարգը ներառում է արդյունահանում երեք հիմնական հորատանցքերից և հնարավոր չորրորդ հորատանցքի հորատումը։ Ածխաջրածնային հումքը բազմաֆազ ստորջրյա խողովակաշարով կտեղափոխվի Կենտրոնական վերամշակման օբյեկտ, որը կկառուցվի ցամաքում՝ բրիտանական BP-ի Սանգաչալի տերմինալից մոտ 4 կմ դեպի հարավ-արևմուտք։
«Մաքրված գազը կարտահանվի Հարավկովկասյան գազատարով (SCP) և կուղղվի Ադրբեջանի ներքին գազային ցանց։ Ներքին ցանցով տեղափոխման օրական ծավալը կկազմի 225 միլիոն խորանարդ ֆուտ», — նշված է փաստաթղթում։
Այժմ ենթադրվում է, որ հորատանցքերը կհորատվեն Caspian Drilling Company (CDC) ընկերությանը պատկանող «Ղարաբաղ» կիսասուզվող հորատման կայանքի միջոցով։ Շերտերի տեղակայման խորությունը 5,7–6,8 հազար մետր է։
«Առաջին փուլի ավարտից հետո գործընկերները որոշում են կայացրել անցնել «Ապշերոն» հանքավայրի լիամասշտաբ մշակմանը, ընդ որում՝ բազային նախագծումը (FEED) սկսվել է 2025 թվականի սկզբին։ Լիամասշտաբ մշակման վերաբերյալ վերջնական ներդրումային որոշման ընդունումը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 1-ին։
Ակնկալվում է, որ լիամասշտաբ մշակման փուլը պիկային շրջանում կապահովի լրացուցիչ արդյունահանում՝ օրական 110 հազար բարել նավթային համարժեքով», — ասված է փաստաթղթերում։
Ըստ ընկերության տվյալների՝ 2-րդ փուլի կայուն արդյունահանման (plateau) շրջանում «Ապշերոնից» օրական կարդյունահանվի 12,7 միլիոն խմ գազ (տարեկան 4,5 միլիարդ խմ) և սկզբնական շրջանում օրական 35 հազար բարել կոնդենսատ՝ ի հավելումն առաջին փուլի արդյունահանման։
«Ապշերոն» հանքավայրը գտնվում է Բաքվից 100 կմ հեռավորության վրա՝ 500 մ խորության մեջ։ Դրա մշակմամբ զբաղվում է JOCAP (Joint Operating Company of Absheron Petroleum B.V.) ընկերությունը։ Սկզբնապես նախագծում հավասար բաժնեմասերով մասնակցում էին SOCAR-ը և TotalEnergies-ը։ Այնուհետև, 2023 թվականի օգոստոսին, հայտնվեց երրորդ մասնակիցը՝ ԱՄԷ-ի ազգային նավթային ընկերությունը (ADNOC), որը SOCAR-ից և TotalEnergies-ից գնեց 15-ական տոկոս բաժնեմաս։
Պայմանագիրը ստորագրվել է 30 տարի ժամկետով։ Պայմանագրային տարածքը կազմում է 747 քառ. կմ։ Ըստ նախնական գնահատականի՝ հանքավայրի պաշարները կազմում են 350 միլիարդ խմ գազ և 100 միլիոն տոննա կոնդենսատ։
«Ապշերոնում» առաջին գազի ստացման մասին TotalEnergies-ը և SOCAR-ը հայտարարել են 2023 թվականի հուլիսի 10-ին։ 2024 թվականին առաջին փուլի շրջանակներում արդյունահանումը հասել է պիկային մակարդակի՝ 1,5 միլիարդ խմ։ Առաջին փուլի ընթացքում արդյունահանվող գազը նախատեսված է Ադրբեջանի ներքին շուկայի համար։ (FINMARKET)