Չորեքշաբթի, 18 Մարտի 2026 14:30
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ձեռնամուխ են եղել ֆիկտիվ սնանկությունների խնդրի լուծմանը

Հայաստանում ձեռնամուխ են եղել ֆիկտիվ սնանկությունների խնդրի լուծմանը

Արմինֆո. Հայաստանում հերթական փորձն է արվում լուծելու սնանկության հետ կապված հարցերը։ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված Սնանկության մասին օրենսգրքին եւ հարակից օրենքների մեծ փաթեթին:

 

Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» օրենքի նախագիծը,  Հայաստանում սնանկության ոլորտը կարգավորվում է  2006 թվականին ընդունված «Սնանկության մասին» օրենքով, որը տարիների ընթացքում ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: «Սնանկության մասին» օրենքում արդեն իսկ իրականացվել են մի շարք փոփոխություններ, սակայն այն դեռեւս  զգալի բարեփոխման կարիք ունի:

Փոխնախարարը նշել է, որ սնանկության ինստիտուտը հաճախ օգտագործվում է որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու, չարաշահումների, կենսունակ կազմակերպությունների առողջացման փոխարեն նրանց գույքը փոշիացնելու, տարատեսակ եղանակներով գույքերը վաճառելու եւ լուծարման  տանելու գործիք:

Տիգրան Դադունցը հայտնել է, որ նշված խնդիրները լուծելու համար էլ մշակվել է օրենսդրական մեծ փաթեթ, որի հիմքում նաեւ մի շարք հետազոտություններ եւ ուսումնասիրություններ են դրված:

ԱԺ հաղորդագրության համաձայն, օրենսգիրքը կարգավորում է իրավաբանական ու ֆիզիկական անձանց սնանկության եւ սնանկության վտանգի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սնանկության գործի վարման եւ դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության հետ կապված հարաբերություններ:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Հնչել են նաեւ առաջարկներ ու դիտողություններ:

Հանձնաժողովի հավանությանն արժանացած փաթեթը նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: