Հինգշաբթի, 19 Մարտի 2026 11:47
Նաիրա Բադալյան

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրին

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրին

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը մարտի 19-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ  համաձայնագրի  նախագիծը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 43 կարգադրությամբ և ուղարկվել է անդամ պետություններ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ապահովելու համար։

 

Համաձայնագրի նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի շրջանակներում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, պաշտպանել փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաև սահմանել նրանց միջև փոխգործակցության կանոնները։

 

Համաձայնագրով կարգավորվում է Միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը՝ սպառողներին հեռակա կարգով ապրանքներ առաջարկելու և վաճառելու համար։

 

Համաձայնագրի հիմնական ուղղություններն են․

 

- Միության ներքին շուկայում ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի իրականացման պայմանների սահմանում, այդ թվում ապրանքների խտրականության բացառման և ազատ տեղաշարժի, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հետ կապված ծառայությունների մատուցման սկզբունքների կիրառում;

 

- Էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների և շահերի պաշտպանության սկզբունքներ;

 

- Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման, ինչպես նաև տվյալների և տեղեկատվական անվտանգության պաշտպանության ապահովման մոտեցումներ;

 

- Էլեկտրոնային առևտրում Միության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցության մոտեցումներ։

 

Համաձայնագրով սահմանվում են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունները՝ Միության ներքին շուկայում ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր պահանջների և կանոնների ապահովման համար Միության մարմինների ակտերի մշակման և հաստատման մասով։

 

Համաձայնագիրը նպատակաուղղված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։