
Արմինֆո.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը, որը նախագահել է ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։ Համանախագահել են ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեստ և ԳԴՀ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Կատրին Բուդեր-Փելցը։
Նիստին մասնակցել են նաև ֆինանսների նախարարի տեղակալ էդգար Մկրտչյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Հայկ Հայրապետյանը, ինչպես նաև KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենը և Բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և ԵՆԲ-ի Հարավկովկասյան տարածաշրջանի ներկայացուցիչ Ստելլա Ռենիտան և այլ գործընկերներ։
ՏԿԵՆ հաղրդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման ընթացքին, պլանավորված աշխատանքներին և ծրագրի հետագա ֆինանսավորրմանը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել KfW վերակառուցման և զարգացման բանկի հետ "Կովկասյան էներգետիկ ցանց, փուլ II" ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի և ԵՄ "Կովկասյան էներգետիկ ցանց, փուլ IV" ծրագրի վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթերը ենթադրում են լրացուցիչ 120 մլն եվրո վարկային միջոցների և 15 մլն եվրո դրամաշնորհային ռեսուրսների ներգրավում։
Նախագիծն ուղղված է հայկական և վրացական էներգահամակարգերի միացմանը 500/400/220 կՎ բարձրավոլտ փոխակերպիչ հաստատուն հոսանքի ենթակայանի միջոցով (վերջնական հզորությունը ՝ 1050 ՄՎտ), որը տեղակայվելու է Վրաստանի սահմանի մոտ ՝ Այրումում (Հայաստան): Վրացական կողմից միացումը կիրականացվի Մառնեուլիի ենթակայանից 500 կՎ օդային էլեկտրահաղորդման գծով, իսկ հայկական կողմից ՝ Դդմաշենի 400/220 կվ ենթակայանից 400 կՎ օդային էլեկտրահաղորդման գծով: Արդյունքում՝ նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 Մվտ-ի, իսկ հետագայում, կախված տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել 1050 ՄՎտ-ի: