Ուրբաթ, 20 Մարտի 2026 16:32
Նաիրա Բադալյան

Որպես պատասխան ժեստ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ոսկերչական ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում է իրացման իրական ծավալների հայտարարագրում. Արման Պողոսյան

Որպես պատասխան ժեստ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը ոսկերչական ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում է իրացման իրական ծավալների հայտարարագրում. Արման Պողոսյան

Արմինֆո. Ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոսկերչական իրերի հարկման ոլորտում կարելի է հասնել արտադրանքի արժեքի մոտ 15%-ով նվազման: Այդ մասին մարտի 20-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

 

"Մեր փորձագիտական գնահատականը խոսում է այն մասին, որ այլ հավասար պայմաններում հնարավոր կլինի նվազեցնել գինը մոտ 15 տոկոսով", - ասել է Պողոսյանը:

 

Փոխնախարարը խոստովանել է, որ Ֆինանսների նախարարությունում ոգևորված են նախատեսվող հարկային փոփոխություններով։ Որպես պատասխան ժեստ՝ Ֆինանսների նախարարությունը ոսկերչական ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում է իրացման իրական ծավալների հայտարարագրում ՝ դրանով իսկ ապահովելով հանգիստ առևտրային գործունեություն։

 

"Արդյունքում ակնկալվում է վաճառքի աճ եւ համաշխարհային շուկայում հայկական ոսկերչական արտադրանքի ճանաչելիության, մրցունակության բարձրացում", - նշել է փոխնախարարը:

 

"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն, իր հերթին, հայտարարել է, որ վերանայումը կբարելավի ոլորտի շուրջ 30-40 հազար ներկայացուցիչների կյանքը:

 

Կառավարությունը երեկվա նիստում  հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը։ Առաջարկվում է ՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը: