Երկուշաբթի, 30 Մարտի 2026 12:09
Ալինա Հովհաննիսյան

Գյումրիում քննարկել են 2026-2030թթ. կլաստերային զարգացման  ծրագիրը

Գյումրիում քննարկել են 2026-2030թթ. կլաստերային զարգացման  ծրագիրը

Արմինֆո Շիրակի մարզպետի աշխատակազմում կայացել է հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզում զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

 

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ներկայացվել են 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և առաջիկա հինգ տարիների կլաստերային զարգացման ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, տրվել պատասխաններ պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հարցերին։

 

Այցի շրջանակներում Շիրակի մարզպետը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը աշխատանքային շրջայց են իրականացրել նաև Գյումրի քաղաքում և քննարկել կլաստերային զարգացման ծրագրի հաջորդ փուլով նախատեսված աշխատանքները։

 

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը 100 մլն դոլար է ուղղել Հայաստանում 10 զբոսաշրջային կլաստերի ստեղծմանը, այդ թվում՝ այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Արենի, Ջերմուկ, Գորիս, Դվին, Գյումրի, Ապարան, Եղեգիս, Սևան, Դիլիջան և այլն: Ծրագիրն իրականացվելու է 2025-2029թթ.:

 

2024 թվականի տվյալներով՝ կազմակերպված շրջագայությունների շրջանակում ամեն տարի Գյումրի է այցելում շուրջ 11 հազար զբոսաշրջիկ։