Երկուշաբթի, 30 Մարտի 2026 19:17
Մարիաննա Մկրտչյան

ԶՊՄԿ-ը չորրորդ անգամ անընդմեջ արդյունաբերական փոխակերպման գործընկեր է դարձել Doing Digital Forum-ում

ԶՊՄԿ-ը չորրորդ անգամ անընդմեջ արդյունաբերական փոխակերպման գործընկեր է դարձել  Doing Digital Forum-ում

Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) չորրորդ անգամ անընդմեջ դարձել է արդյունաբերական փոխակերպման գործընկեր ապրիլի 8-ին Երեւանում կայանալիք Doing Digital Forum (DDF) ֆորումում: Այս տարի միջոցառումն անցկացվում է "Միացնելով հարթակները և տնտեսությունները" խորագրի ներքո ՝ համախմբելով տեղական և միջազգային առաջատար փորձագետների, ձեռնարկությունների ղեկավարների և պետական հատվածի ներկայացուցիչների:

 

ԶՊՄԿ Facebook-յան էջի հաղորդագրությունում նշվում է, որ կոմբինատում ուրախ են մասնակցել թվայնացմանը նվիրված Հայաստանի ամենագլխավոր միջոցառմանը՝ Doing Digital Forum 2026-ին և միաժամանակ հանդիսանալ նաև համաժողովի արդյունաբերական փոխակերպման գործընկեր: ԶՊՄԿ-ի կայուն զարգացման և արդիականացման օրակարգում թվային փոխակերպումը մեծ տեղ է զբաղեցնում:

 

«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական հիմքում այն արդյունաբերական ճյուղերն են, որոնք ապահովում են ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ հումքային ռեսուրսները։ ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն»,- ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

 

"Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությունը կազմում է շուրջ 150 տարի։ Նշենք, որ վերջին մի քանի տարիներին "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը" Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարների թվում է:

 

Նշենք, որ Doing Digital ֆորումի մեկնարկը տեղի է ունեցել 2023 թվականին ՝ "Թվային փոխակերպմանն այլընտրանք չկա" թեմայով, և գլխավոր բանախոսը թվային փոխակերպման և ֆինտեխի միջազգային հայտնի փորձագետ Քրիս Սքիներն էր։ Doing Digital ֆորումի կազմակերպիչն է SPRING PR-ը: Այդ Հարթակի նպատակն է աջակցել թվային փոխակերպման ոլորտի միտումների, բիզնես գործընթացների, հնարավորությունների և մարտահրավերների ակտիվ քննարկմանը: DDF26-ի հատուկ հյուրը կլինի Ant International ընկերության ավագ փոխնախագահ և կայուն զարգացման գծով տնօրեն Լեյմին Չենը: