Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026 16:50
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ՌԱՀ ընկերությունները 2025 թվականին պետբյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամ հարկեր

Հայաստանի ՌԱՀ ընկերությունները 2025 թվականին պետբյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամ հարկեր

Արմինֆո.Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ընկերությունները 2025 թվականին պետական բյուջե են փոխանցել 13.3 մլրդ դրամի հարկեր։ Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ "Իմ կարծիքով, դա շատ լուրջ ցուցանիշ է", - ասել է նա:

 

Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ տարեցտարի գումարն աճում է։ Նրա խոսքով ՝ ճյուղի նման զարգացման համար բեկումնային էր պետական եռամյա ծրագիրը, որի շրջանակներում ռազմարդյունաբերական համալիրի տեղական ընկերությունները կատարում էին Պաշտպանության նախարարության պատվերները։ 2026 թվականի սկզբի դրությամբ պատվերների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 172 մլրդ դրամ։

 

Նա պատմել է, որ ծրագրի իրականացման արդյունքում լուրջ ներդրումներ են կատարվել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Այն արտադրանքը, որն արտադրվել է պատվերի շրջանակներում, Հայրապետյանի ասելով, փոխանցվել է Հայաստանի Զինված ուժերին։

 

Նախարարը նշել է, որ որոշում է կայացվել երկարաձգել ծրագիրը։ Առաջիկայում Պաշտպանության նախարարությունը,  գերատեսչության ղեկավարի ասելով, 30 ընկերությունների հետ համաձայնագրեր կստորագրի։ "Սա ոլորտի զարգացման, այն նոր մակարդակի հասցնելու, միջազգային շուկայում մրցակցության բարձրացման հերթական խթան կհանդիսանա և հեռանկարներ կբացի արտահանման համար", - ասել է Հայրապետյանը:-