
Արմինֆո.ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մարտի 31-ին ընդունել է Huawei ընկերության տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին: Այդ մասին ապրիլի 1-ին հաղորդել Է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն, Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական միությունում և բալթյան երկրներում ընկերության էներգիայի պահպանման համակարգերի (BESS) օրինակները, ինչպես նաև այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք ուղղված են արևային էլեկտրակայանների լայնածավալ օգտագործման հետևանքով առաջացած համակարգային խնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի պահպանման ոլորտում գործունեության զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ համակարգի ժամանակակից ռեժիմներում կուտակիչ էլեկտրակայանների կառուցումը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահպանման տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը:
Նշենք, որ վաղը՝ ապրիլի 2-ին, ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է նշված խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Մասնավորապես, նախատեսվում է, որ Հայաստանում կուտակիչ կայանների կառուցումն ու շահագործումը կդառնա լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ։ Նման կայանների կառուցման և շահագործման համար մրցույթի անցկացման կարգն ու պայմանները կսահմանվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման շրջանակներում համապատասխան նորմատիվ ակտերի առկայությունը, այդ թվում ՝ մրցութային ընթացակարգերին վերաբերող, նախագծով նախատեսվում է, որ վերոնշյալ մրցույթներն իրականացվելու են ՀԾԿՀ-ի կողմից: