
Արմինֆո.Ապրիլի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հինգերորդ նիստը։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի օրակարգում ընդգրկված են եղել կիսահաղորդչային արդյունաբերության, ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը և Հայաստանի վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության նախագիծը։
Նախքան օրակարգային հարցերի ներկայացումը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որը ներառում է նաև ռոբոտաշինության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության կետեր, նոր հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում այդ ոլորտների զարգացման համար, և ներկայացված երկու նախագծերը վերաբերում են հենց կիսահաղորդիչներին, արհեստական բանականությանը և ռոբոտաշինությանը։ Նրա խոսքով՝ այս նախագծերը աշխատանքային խմբերի, մասնավոր գործընկերների, ինչպես նաև Հայաստանի ինովացիոն հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունք են։
Հայաստանի ինովացիոն հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը ներկայացրել է Կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման պետական ծրագրի նախագծի մանրամասները։ Նա ներկայացրել է կիսահաղորդչային ոլորտի գլոբալ պատկերը՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունն աննախադեպ տեմպերով ընդլայնում է տնտեսական ազդեցությունը։ Նիստում ներկայացվել են մանրամասներ Հայաստանում կիսահաղորդիչների ոլորտում գործող գիտահետազոտական կենտրոնների, այս ոլորտում Հայաստանի դիրքավորման, կրթության և ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։ Անահիտ Սարգսյանն անդրադարձել է նաև մինչև 2032 թվականը Հայաստանում կիսահաղորդչային ինժեներիայի էկոհամակարգի զարգացման տեսլականին և այդ համատեքստում լուսաբանել մարդկային կապիտալի զարգացման և տնտեսական ազդեցության հեռանկարները։
ARCS.ai-ի խորհրդի փոխնախագահ Կարեն Էգուիազարյանը ներկայացրել է Ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրի նախագծի մանրամասները: Նա անդրադարձել է ռոբոտաշինության և արհեստական բանականության վճռորոշ դերին ժամանակակից տեխնոլոգիական մրցավազքում և Հայաստանում առկա ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին: Զեկուցողը ներկայացրել է կրթության և հետազոտությունների ոլորտում տաղանդների ներգրավման առաջնահերթությունները, էկոհամակարգի ձևավորման և տնտեսական ազդեցության հեռանկարները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են, և այդ ընթացքում աշխատանքներ են տարվել գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Ըստ այդմ՝ աշխատանքներ են տարվում կառավարության և շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական նպատակների վերջնականացման, առանձին ուղղությունների մակարդակով միջոցառումների հաստատման, ինչպես նաև տեխնոլոգիական և ակադեմիական հանրության հետ խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ՝ Հայաստանի ռազմավարական ուղղություններին համապատասխանության և իրագործելիության հարցերի շուրջ: Ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը կենտրոնանում է երկու ուղղությունների վրա՝ ԱԲ ինժեներիա և մտավոր թվային համակարգեր, ինչպես նաև խորը տեխնոլոգիական ինժեներիա, նախատիպավորում և ներդրված համակարգեր՝ որպես բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնական սյուներ և առաջնահերթ ոլորտներում համակարգված աճի հիմք:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ներկայացրել է վարչապետին կից Հայաստանի Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության նախագիծը և անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին:
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացված նախագծերի վերաբերյալ: Ընդգծվել է նախագծերը կառավարության կողմից իրականացվող և նախատեսվող ծրագրերի հետ համադրելու կարևորությունը՝ վերջիններիս առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Ամփոփելով քննարկումները և ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական տրանսֆորմացիայի կարևորությունը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներկայացված նախագծերի շրջանակում կազմակերպել աշխատանքային քննարկումներ և ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները: