Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 15:35
Կարինա Մելիքյան

Ասիական Զարգացման Բանկը կանխատեսում է 2026-2027 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի 5,5-5,7% աճ

Ասիական Զարգացման Բանկը կանխատեսում է 2026-2027 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի 5,5-5,7% աճ

Արմինֆո.  Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) կանխատեսում է 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 5,5% աճ (2025թ. 7,2%-ի դիմաց)՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 5,7%: Ըստ ԱԶԲ կանխատեսման՝ գնաճը Հայաստանում 2026 թվականին կարագանա մինչև 3,8% (2025թ. 3,3%-ից) և այնուհետև 2027 թվականին կնվազի մինչև 3,2%: Այս մասին նշված է Ասիական Զարգացման Բանկի ապրիլյան զեկույցում՝ «Ասիայի զարգացման հեռանկարները. Մերձավոր Արևելքի հակամարտությունների հիմնախնդիրները. Կայունությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար (DAP) ԱԶԲ-ն կանխատեսում է տնտեսական աճ 2026 թվականին 5,1% մակարդակում (2025թ. 5,4%-ի դիմաց)՝ պահպանելով այդ տեմպերը 2027 թվականին, իսկ առանց Չինաստանի հաշվառման՝ համապատասխանաբար 5,5% 2026 թվականին (2025թ. 5,9%-ի դիմաց) և 5,8% 2027 թվականին: Կովկասի, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Թուրքիա), ըստ ԱԶԲ կանխատեսման, տնտեսական աճը 2026 թվականին կկազմի 4,2% (2025թ. 4,6%-ի դիմաց)՝ 2027 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 4,4%:

Հայաստանի հարևան երկրներում Ասիական զարգացման բանկը 2026-2027թթ. համար կանխատեսում է. Վրաստանում՝ ՀՆԱ-ի աճ 5,5-5,2% (2025թ. 7,5%-ի դիմաց) և գնաճ 3,8-3,3% մակարդակում (2025թ. 3,9%-ի դիմաց), Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի աճ 2-1,8% (2025թ. 1,4%-ի դիմաց) և գնաճ 5,7-4,9% մակարդակում (2025թ. 5,6%-ի դիմաց), Թուրքիայում՝ ՀՆԱ-ի աճ 3,6-4% (2025թ. 3,6%-ի դիմաց) և գնաճ 27,7-21,5% մակարդակում (2025թ. 35,2%-ի դիմաց):

ԱԶԲ զեկույցում Հայաստանի վերաբերյալ նշվում է. «2025 թվականին տնտեսական աճը արագացել է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների աշխուժացման ֆոնին, մինչդեռ սպառումն ու ներդրումները աջակցել են տնտեսությանը: Ներքին բարձր պահանջարկը հանգեցրել է գնաճի աճին: Սակայն 2026 և 2027 թվականների համար կանխատեսվում է աճի տեմպերի որոշակի դանդաղում. ծառայությունների ոլորտի ցուցանիշների հետագա չնչին անկումը կփոխհատուցի շինարարության աճը և արդյունաբերության դինամիկայի արագացումը: Ակնկալվում է, որ գնաճը կաճի՝ չնայած տնտեսության դանդաղմանը: Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել աճը և կտրուկ ուժեղացնել գնաճային ճնշումը: Հետագա զարգացման համար անհրաժեշտ են բարեփոխումներ կապիտալի շուկաներում, որոնք կնպաստեն տնտեսության դիվերսիֆիկացմանը»:

Հայաստանի տնտեսական զարգացումն ավելի մեծ չափով հիմնված կլինի ներքին պահանջարկի վրա

ԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը մասնավորապես հիմնված կլինի պետական ներդրումների ավելացման և հասցեական սոցիալական ծրագրերի վրա: Այնուամենայնիվ, կանխատեսումը բախվում է նվազման ռիսկերի՝ Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտության պատճառով. Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումները, էներգակիրների համաշխարհային գների աճը և ֆինանսական շուկաներում բարձր տատանողականությունը կարող են ուժեղացնել գնաճային ճնշումը, ավելացնել լոգիստիկ ծախսերը և թուլացնել աճի դինամիկան: Դրական ռիսկերը (աճի հեռանկարները) կապված են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում առաջընթացի, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանի հնարավոր բացման հետ, ինչը գործընթացի կայունության դեպքում կարող է աջակցել տնտեսական աճին՝ առևտրի և տրանսպորտային հաղորդակցության ակտիվացման հաշվին:

ԱԶԲ սպասումների համաձայն՝ առաջարկի աճ կդիտվի բոլոր ոլորտներում, ընդ որում՝ հիմնական շարժիչ ուժը կլինի ծառայությունների ոլորտը: Կանխատեսվում է, որ ծառայությունների ոլորտում աճը 2026 և 2027 թվականներին կարագանա մինչև 7%՝ շնորհիվ ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների և մանրածախ առևտրի բարձր ցուցանիշների պահպանման: Շինարարության մեջ ակնկալվում է հետագա աճ 17,3%-ով 2026թ.-ին և 17,9%-ով 2027թ.-ին, ինչն արտացոլում է ենթակառուցվածքների, փախստականների ինտեգրման բնակարանային ծրագրերի և խոշոր տրանսպորտային նախագծերի ծախսերի ավելացումը: Արդյունաբերության մեջ (բացառությամբ շինարարության) աճը, ըստ ԱԶԲ կանխատեսումների, 2026թ.-ին կավելանա մինչև 4,3%, իսկ 2027թ.-ին՝ մինչև 4,4%՝ սննդամթերքի, տեքստիլի և ոչ մետաղական արտադրանքի թողարկման ավելացման, ինչպես նաև արտահանման և ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ջանքերի հաշվին: Նորմալ եղանակային պայմանների դեպքում ակնկալվում է, որ գյուղատնտեսությունը 2026 և 2027 թվականներին կաճի 4,1%-ով: Աճին կնպաստեն ժամանակակից անասնապահական համալիրների զարգացման, ինտենսիվ այգեգործության և բերքի ապահովագրության ընդլայնմանն ուղղված նպատակային պետական ծրագրերը:

Պահանջարկի աճի հիմնական շարժիչ ուժերը կմնան սպառումը և ներդրումները: Կանխատեսվում է, որ մասնավոր սպառման աճը կդանդաղի մինչև 7,9% 2026թ.-ին և 7,6% 2027թ.-ին, քանի որ դրամական փոխանցումների ներհոսքի կրճատումը մասնակիորեն կփոխհատուցվի վարկավորման շարունակական ընդլայնմամբ և կենսաթոշակների պլանային բարձրացմամբ (2026թ. ապրիլից): Պետական սպառման աճը կարագանա մինչև 5,7% 2026թ.-ին և 6,4% 2027թ.-ին, ինչը կհիմնավորվի սոցիալական ծրագրերի հատկացումների ավելացմամբ և առողջապահական ծախսերի աճով՝ կապված համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրման հետ: Ներդրումների աճը կմնա զգալի՝ 15,5% մակարդակում 2026թ.-ին և 15,7% 2027թ.-ին՝ արտացոլելով ենթակառուցվածքային ու սոցիալական նախագծերի պետական ծախսերի ավելացումը, ինչպես նաև մասնավոր ներդրումները բնակարանաշինության մեջ:

Ակնկալվում է, որ գնաճը 2026 թվականին կարագանա՝ չնայած տնտեսական աճի դանդաղմանը: Սա արտացոլում է էներգակիրների համաշխարհային ավելի բարձր գների և Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված տրանսպորտային ծախսերի ազդեցությունը: Գնային ճնշման աստիճանական թուլացմանը զուգընթաց՝ գնաճը 2027 թվականին կսկսի նվազել: Դրամավարկային քաղաքականությունը կմնա զգուշավոր՝ միաժամանակ շարունակելով աջակցել տնտեսական աճին: Մինչև 2026 թվականի վերջը ամսական գնաճը (տարեկան կտրվածքով), ըստ ԱԶԲ սպասումների, կմոտենա թիրախային շեմի թույլատրելի շեղումների վերին սահմանին (3%, +/- 1 տոկոսային կետ):

2026 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա ավելի էքսպանսիոնիստական (խթանող): 2026 թվականի բյուջեն նախատեսում է դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցությունը 4,5% մակարդակում՝ 2027 թվականին հետագա կրճատմամբ մինչև 3,5%: Հարկային վարչարարության և օրենսդրության ընթացիկ բարելավումները կաջակցեն բյուջեի ընդհանուր եկամուտներին, որոնք կանխատեսվում են ՀՆԱ-ի 25,8%-ի չափով: Ծախսերը, ըստ ԱԶԲ կանխատեսման, 2026 թվականին կհասնեն ՀՆԱ-ի 30,3%-ին, ընդ որում առաջնահերթ կմնան սոցիալական ոլորտը և կապիտալ ծախսերը. վերջիններս կանխատեսվում են ՀՆԱ-ի շուրջ 5,8%-ի չափով: Արտաքին բարձր անորոշության պատճառով հայկական դրամի փոխարժեքի վրա պոտենցիալ ճնշման բացակայության դեպքում պետական պարտքը 2026 թվականի վերջին կանխատեսվում է ՀՆԱ-ի 51,5%-ի մակարդակում՝ միջնաժամկետ հեռանկարում կայունանալով ՀՆԱ-ի 52%-ի մոտակայքում:

Կանխատեսվում է, որ ընթացիկ հաշվի պակասուրդը 2026թ.-ին կավելանա մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը, որից հետո 2027 թվականին կկրճատվի մինչև 5,6%: Սա արտացոլում է Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը տրանսպորտային ծախսերի աճի, առևտրային խափանումների և ներմուծման գների բարձրացման միջոցով: Առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը, ըստ ԱԶԲ կանխատեսումների, 2026 և 2027 թվականներին կընդլայնվի մինչև ՀՆԱ-ի 10,7%-ը՝ արտահանման շուկաների և մատակարարման շղթաների ցնցումների ֆոնին: Ակնկալվում է, որ ապրանքների արտահանումը 2026 թվականին կաճի 11%-ով, իսկ 2027 թվականին՝ 17,9%-ով՝ շնորհիվ ոչ թանկարժեք մետաղների, արդյունաբերական ապրանքների և սննդի վերամշակման արտադրանքի մատակարարումների ավելացման: Ապրանքների ներմուծումը, ըստ ԱԶԲ կանխատեսման, 2026 թվականին կաճի 15,9%-ով, իսկ 2027 թվականին՝ 15,7%-ով, քանի որ պահպանվում է կապիտալ ապրանքների ներմուծման կարիքը խոշոր պետական և մասնավոր ներդրումային ծրագրերի համար: ԱԶԲ սպասումների համաձայն՝ ծառայությունների ոլորտի հավելուրդը 2026 թվականին կկրճատվի, որից հետո կվերականգնվի 2027 թվականին, ինչն արտացոլում է զբոսաշրջության թուլացումը, ֆինանսական հոսքերի դանդաղումը և տրանսպորտային ծառայությունների վրա գործադրվող ճնշումը հակամարտության պատճառով: Ակնկալվում է, որ առաջնային եկամուտների պակասուրդը աստիճանաբար կկրճատվի ոչ ռեզիդենտներին կատարվող վճարումների նվազման և եկամուտների չափավոր աճի զուգընթաց:

Քաղաքականության մարտահրավերը՝ կապիտալի շուկայի բարեփոխումների խթանումը տնտեսության դիվերսիֆիկացման համար

Վերջին տարիներին Հայաստանի կապիտալի շուկան ենթարկվել է զգալի փոփոխությունների, որոնք նշանավորվել են շուկայական ակտիվության խորացմանը և տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված բարեփոխումների շարքով: Բարեփոխումները կենտրոնացած էին շուկայական ենթակառուցվածքների ամրապնդման, ներդրողների բազայի ընդլայնման և կայուն ֆինանսավորման ստանդարտների ներդրման վրա: Չնայած այս ձեռքբերումներին, Հայաստանի կապիտալի շուկան մնում է մակերեսային և թերզարգացած, որտեղ գերակշռում են պետական արժեթղթերը: Կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը կազմում են ակտիվության միայն մի փոքր մասը, իսկ ներդրողների բազան կենտրոնացած է բանկերի և կենսաթոշակային հիմնադրամների միջև՝ օտարերկրյա և մանրածախ (մասնավոր) ներդրողների սահմանափակ մասնակցությամբ:

Առկա խնդիրների լուծման և ավելի դիվերսիֆիկացված ու դեպի աճ կողմնորոշված ֆինանսական համակարգ ստեղծելու համար Հայաստանը նախաձեռնել է իր կապիտալի շուկայի ամրապնդման և զարգացման լայնածավալ ծրագիր: Նպատակն է ընդլայնել հասանելի գործիքների ցանկը, ներգրավել ներդրողների ավելի լայն ու բազմազան շրջանակ, բարձրացնել կառավարման որակն ու թափանցիկությունը, ինչպես նաև ներդնել կայուն զարգացման սկզբունքները մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորման մեջ: Կառավարությունն ամրապնդել է Հայաստանի կապիտալի շուկայի ենթակառուցվածքը և ընդլայնել հասանելի ֆինանսական գործիքների տեսականին: Ամբողջությամբ գործարկվել են պարտատոմսերի փոխանակման աճուրդները (bond switch auctions), ինչպես նաև ներդրվել են շուկա ստեղծողների (market-making) կանոնները կորպորատիվ պարտատոմսերի և գնաճով ինդեքսավորվող արժեթղթերի համար: Օրենսդրական դաշտը արդիականացվել է նոր ֆինանսական գործիքներին աջակցելու, բաժնետոմսերի դասերը հստակեցնելու և կորպորատիվ կառավարման չափանիշները բարելավելու համար: Բացի այդ, ուժեղացվել է ածանցյալ գործիքների և թվային ակտիվների կարգավորումը՝ կրիպտոակտիվների մասին առաջին համապարփակ օրենքի ընդունմամբ:

Կառավարությունն ընդլայնել է ներդրողների բազան և ամրապնդել կորպորատիվ կառավարման գործելակերպը կապիտալի շուկայում: Ներդրումային հիմնադրամներն այժմ կարող են ոչ հրապարակային կարգավիճակից անցնել հրապարակայինի, իսկ օտարերկրյա ներդրողների մասնակցությունը հեշտացնելու համար ներդրվել է հեռավար անդամակցությունը: Կառավարման համակարգը հզորացվել է կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի, գենդերային բազմազանության սկզբունքների ներդրման և ցուցակված ընկերությունների համար տեղեկատվության բացահայտման խստացված պահանջների հաշվին: Առաջընթաց է գրանցվել նաև կայուն ֆինանսավորման ստանդարտների և բնապահպանական, սոցիալական ու կառավարման սկզբունքների (ESG) ինտեգրման գործում ողջ ֆինանսական համակարգում: Կառավարությունն ընդունել է ազգային «Կանաչ տաքսոնոմիան» և Կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզը, ընդ որում ESG և կլիմայական ռիսկերի նկատառումները ներառվել են պրուդենցիալ շրջանակներում և հաշվետվողականության մեջ: Այժմ ֆինանսական հաստատությունները պարտավոր են ինտեգրել կլիմայական և բնապահպանական ռիսկերն իրենց կառավարման գործընթացներում, ռազմավարություններում և ռիսկերի կառավարման համակարգերում:

ԱԶԲ-ն, նշելով, որ կապիտալի շուկայի զարգացումը համարվում է վճռորոշ՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության բարձրացման և ներդրումների աջակցման, տնտեսության դիվերսիֆիկացման ու կայուն աճի համար, շեշտել է. «Հետագա առաջընթացը կպահանջի շուկայական ֆինանսավորման հասանելիության ընդլայնում կորպորացիաների, ենթակառուցվածքային ընկերությունների, համայնքների և պետական ձեռնարկությունների համար. ոչ պետական արժեթղթերի շուկայի խորացում. ներքին, օտարերկրյա և մանրածախ ներդրողների մասնակցության ընդլայնում. ինչպես նաև մնացած կարգավորող, ինստիտուցիոնալ և կադրային սահմանափակումների վերացում: Ֆինանսական գրագիտության ամրապնդումը, շուկայական իրացվելիության բարձրացումը և կառավարման, տեղեկատվության բացահայտման ու կայուն զարգացման ստանդարտների հետևողական ներդրման ապահովումը առանցքային նշանակություն կունենան ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն կապիտալի շուկային աջակցելու համար»:


Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն իր մարտյան կանխատեսման մեջ 2026 թվականի համար նախատեսել էր ՀՆԱ-ի 7,1-4,7% աճ, իսկ 2027 թվականին՝ 5,7-5,3%: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ դեկտեմբերին թարմացված կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5,5%: Fitch Ratings-ը սույն թվականի հունվարին թարմացված կանխատեսման մեջ ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ՝ 5%-ից բարձր 2026-2027 թվականներին: S&P Global Ratings-ը փետրվարին թարմացված կանխատեսմամբ հայտարարել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղման մասին՝ 2026 թվականին մինչև 5,3% և 2027 թվականին՝ մինչև 4,8%, որից հետո 2028 թվականին տեմպերը փոքր-ինչ կարագանան մինչև 5%: Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված է ՀՆԱ-ի 5,4% աճ:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, 2022 թվականին տեմպերի՝ 5,8%-ից մինչև 12,6% արագացումից հետո, 2023 թվականին դանդաղել է մինչև 8,3%, իսկ 2024 թվականին՝ մինչև 5,9%, որից հետո 2025 թվականին տեմպերն արագացել են մինչև 7,2% և բացարձակ արտահայտությամբ կազմել են 11,318 տրլն դրամ (ավելի քան 29,2 մլրդ դոլար): ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսը նույնպես, 2022 թվականին 106,9%-ից մինչև 108% աճից հետո, 2023 թվականին նվազել է մինչև 103,1%, իսկ 2024 թվականին՝ մինչև 101,4%, բայց արդեն 2025 թվականին բարձրացել է մինչև 103,6%: