
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ-ի գծով վնասաբերության գործակիցը, ողջ 2025 թվականի ընթացքում 81,8%-ից մինչև 76,3% նվազելուց հետո, 2026 թվականից սկսել է աճել՝ առաջին եռամսյակի արդյունքներով հասնելով 79,6%-ի (2025թ. առաջին եռամսյակի 79%-ի դիմաց): Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները:
2026թ. I եռամսյակում վնասաբերության գործակցի աճը դիտվել է գործող պայմանագրերի քանակի տարեկան աճի տեմպերի՝ 5,1%-ից մինչև 7,9% արագացման, ապահովագրավճարների ծավալի՝ 13,7%-ից մինչև 18% և հատուցումների ծավալի աճի զգալի՝ 4,3%-ից մինչև 20,4% արագացման ֆոնին։
Բյուրոյի տվյալներով՝ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների թիվը տարեկան կտրվածքով ավելի զգալի է աճել՝ 4,7%-ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ աճը կազմում էր ընդամենը 2,1%: Քանակական արտահայտությամբ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում երկրում հաշվառված է եղել ԱՊՊԱ պայմանագիր ունեցող 702,550 հազար միավոր տրանսպորտային միջոց, սակայն գործող պայմանագրերի թիվը կազմել է 341,782 հազար (իսկ դադարեցվածները հանելուց հետո՝ 310,459 հազար): ԱՊՊԱ պայմանագրերի ընդհանուր քանակում էլեկտրոնային՝ E-պոլիսների մասնաբաժինը տարեկան կտրվածքով 36%-ից բարձրացել է 39%-ի՝ սույն թվականի առաջին եռամսյակում կազմելով 129,667 հազար, ընդ որում տարեկան աճը 15,6%-ից արագացել է մինչև 17,4%։
2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գործող պայմանագրերով հավաքագրված ապահովագրավճարների ծավալը գերազանցել է 9.2 մլրդ դրամը ($24.5 մլն), իսկ ապահովագրական հատուցումների ծավալը հասել է 6.8 մլրդ դրամի ($18 մլն): Ընդ որում, ՃՏՊ-ների պարզեցված գրանցման (եվրոպրոտոկոլի) դեպքերով վճարված հատուցումների ծավալի տարեկան աճը կտրուկ դանդաղել է՝ 62,5%-ից հասնելով 15,6%-ի՝ կազմելով 1.1 մլրդ դրամ ($2.9 մլն): Դրան զուգահեռ կտրուկ դանդաղել է նաև մեկ վճարի միջին չափի տարեկան աճը՝ 34,3%-ից մինչև 7,3%՝ կազմելով 133.205 հազար դրամ ($353՝ մեկ տարի առաջվա $317-ի դիմաց): Միևնույն ժամանակ, ընդհանուր ապահովագրական հատուցումների մասով մեկ վճարի միջին չափի տարեկան աճն ավելի քիչ նկատելի է դանդաղել՝ 8,3%-ից մինչև 4%՝ կազմելով 284.033 հազար դրամ ($753՝ մեկ տարի առաջվա $697-ի դիմաց):
Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների ամենամեծ քանակն ապահովում է «ԻՆԳՈ» ապահովագրական ընկերությունը՝ 129,684 հազար միավոր (շուկայի շուրջ 19%-ը): Ի դեպ, հաշվետու ժամանակահատվածում հենց այս ընկերության մոտ է գրանցվել ԱՊՊԱ-ի գծով վնասաբերության ամենաբարձր գործակիցը՝ 88% (նախորդ տարվա նվազագույն 67%-ի դիմաց), իսկ ամենացածրը «Նաիրի Ինշուրանսի» մոտ է՝ 71% (նախորդ տարվա 72%-ի դիմաց):
Գործող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրավճարների ամենամեծ ծավալն ապահովում են «ԻՆԳՈ»-ն և «Նաիրի Ինշուրանսը»՝ 1.8-1.7 մլրդ դրամ (շուկայի ընդհանուր ծավալի 20-19%-ը), և հենց այս ընկերություններն են առաջատար նաև տվյալ դասի հատուցումների գծով՝ 1.3-1.2 մլրդ դրամ ծավալներով (ընդհանուր ծավալի 19-18%-ը): ՃՏՊ-ների պարզեցված գրանցման (եվրոպրոտոկոլի) դեպքերով ամենամեծ վճարումներով աչքի է ընկել «ԻՆԳՈ»-ն՝ 222.6 մլն դրամ (շուկայի ընդհանուր ծավալի 21%-ը): Էլեկտրոնային (E-պոլիսների) առաջատար քանակը նույնպես գրանցվել է «ԻՆԳՈ»-ի մոտ՝ 53,505 հազար (շուկայի նմանատիպ պայմանագրերի ընդհանուր թվի 41%-ը), 2-րդ տեղը զբաղեցնում է «ԼԻԳԱ Ինշուրանսը»՝ 25,647 հազար (20%), իսկ 3-րդ տեղում է «Արմենիա Ինշուրանսը»՝ 19,241 հազար (15%): E-պոլիսների նվազագույն քանակը պահպանվում է «Նաիրի Ինշուրանսի» մոտ՝ 5,797 հազար (շուկայի նմանատիպ պայմանագրերի ընդհանուր թվի ընդամենը 4,5%-ը): Գործող պայմանագրերի ընդհանուր քանակով առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են «ՌԵԳՈ Ինշուրանսը» և «ԻՆԳՈ»-ն՝ համապատասխանաբար 70,535 հազար և 67,137 հազար (կամ շուկայի ընդհանուր թվի 21%-ը և 20%-ը): Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որ ապահովագրավճարների գծով առաջատարները՝ «ԻՆԳՈ»-ն և «Նաիրի Ինշուրանսը», առաջատար են նաև դադարեցված պայմանագրերի քանակով՝ համապատասխանաբար 6,806 հազար և 5,560 հազար (89-79 մլն դրամ վճարման ենթակա կամ արդեն վճարված գումարով): Դադարեցված պայմանագրերի ամենափոքր քանակը գրանցվել է «Արմենիա Ինշուրանսի» և «ԼԻԳԱ Ինշուրանսի» մոտ՝ համապատասխանաբար 3,670 հազար և 4,677 հազար։
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից Հայաստանի ապահովագրական շուկայում մեկնարկեց ԱՊՊԱ սակագների ազատականացման գործընթացը, և արդեն մեկ եռամսյակ անց այս դասի գծով վնասաբերության գործակիցը սկսեց աճել: Այս միտումը պահպանվեց մինչև 2025 թվականը, որի սկզբին՝ փետրվարից սկսած, ԱՊՊԱ սակագների զգալի աճը թույլ տվեց ապահովագրական ընկերություններին նկատելիորեն բարձրացնել իրենց գործունեության արդյունավետության մակարդակը, և վնասաբերության գործակիցը սկսեց նվազել: Սակայն արդեն 2026 թվականին, մասնավորապես՝ փետրվարից, վնասաբերության գործակցի աճը վերսկսվեց: Սույն թվականի մարտի սկզբին Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն հայտնեց, որ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» կանոնների փոփոխությունների շրջանակում 2026թ. ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ապահովագրական գումարների և հատուցումների առավելագույն սահմանաչափերի բարձրացված չափերը: Մասնավորապես, դրանք ավելացվել են հետևյալ կերպ. գույքին պատճառված վնասի համար ներկայիս 1.8 մլն դրամի փոխարեն սահմանվել է 2.5 մլն դրամ, առողջությանը պատճառված վնասի համար՝ ներկայիս 3.3 մլն դրամի փոխարեն՝ 3.5 մլն դրամ: Միաժամանակ, մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված ընդհանուր վնասի ապահովագրական գումարները համամասնորեն ավելացվել և սահմանվել են համապատասխանաբար 25 մլն և 35 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023թ. հուլիսի վերջից գործում է արդեն 7 ապահովագրական ընկերություն, քանի որ շուկա է վերադարձել «ԷՖԵՍ» ԱՊԸ-ն, որը, սակայն, լիցենզավորված չէ ԱՊՊԱ դասով: (Դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 31.03.2026թ. դրությամբ կազմել է 377,16 դրամ/$1՝ 31.03.2025թ. 391,57 դրամ/$1-ի դիմաց):