
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության ընդլայնման ուղղությունները մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (Commercial Law Development Program, CLDP) գլխավոր իրավախորհրդատուի տեղակալ Զմարակ Խանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, որի նպատակն է զարգացնել երկկողմ համագործակցությունը և քննարկել ծրագրային նոր ուղղություններ։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ–ԱՄՆ համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում՝ ընդգծելով դրա առանցքային դերը մրցունակ, նորարարական և գիտելիքահենք տնտեսության ձևավորման գործում։ Նշվել է, որ առկա գործակցությունը նպաստում է ներդրումային միջավայրի բարելավմանը, տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացի իրականացմանը և տնտեսական կայուն աճի ապահովմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկայացրել է, որ ներկայում նախարարության կողմից մշակվում է «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը», որի շրջանակում նախատեսվում են համապարփակ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության խորացման հետագա ուղղություններին, մասնավորապես՝ կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը, շահագրգիռ մարմինների միջև համակարգման ուժեղացմանը, միջազգային փորձի շարունակական փոխանակմանը։