
Արմինֆո. Հայաստանի Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ զգալիորեն նվազեցվել է էլեկտրամոբիլների սեփականատերերի գույքահարկը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 1-ից գործում է գույքահարկի հաշվարկման նոր բանաձև, որի հիմքում դրված է միասնական մեթոդաբանության գաղափարը։ Էլեկտրամոբիլների սեփականատերերն արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականը roadpolice.am հարթակում։ Մինչ փոփոխությունները՝ հաշվարկը հիմնված էր էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորության վրա, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում հասանելի հզորությունը։
Նոր մոտեցման դեպքում հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ. եթե տրանսպորտային միջոցն ունի էլեկտրոնային անձնագիր, գույքահարկի հաշվարկման համար օգտագործվում է դրանում նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ մինչև 250 ձիաուժ ներառյալ հզորության համար թիվը բաժանվում է 1,5-ի, իսկ 251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում հաշվարկն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում 250 ձիաուժը բաժանվում է 1,5-ի, իսկ մնացածը՝ 2,5-ի, այնուհետև արդյունքները գումարվում են։ Էլեկտրամոբիլների շարժիչի հզորության հաշվարկման նոր ընթացակարգը զգալիորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։
Էլեկտրամոբիլի վարորդ Վահագն Ռաշոյանը նշում է, որ գոհ է փոփոխություններից, և որ գույքահարկը նվազել է շուրջ 80 հազար դրամից մինչև 29 հազար դրամ։
Էլեկտրամոբիլի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝ ավտոմեքենայի շարժիչի հզորության հաշվարկման նոր կարգի հետ կապված գույքահարկը նվազել է 50%-ով։
ՆԳՆ նախաձեռնությամբ ներդրված էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։