
Արմինֆո. Առաջիկա խորհրդարանական ընտրություններում "Ուժեղ Հայաստան" կուսակցության հաղթանակի դեպքում 0 տոկոս հարկային արտոնությունը կտարածվի մանր եւ փոքր ձեռնարկատիրության շուրջ 70 հազար սուբյեկտների վրա: Այդ մասին հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Հայկ Ֆարմանյանը՝ կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի հետ քննարկելով փոքր ձեռնարկատիրության համար զրոյական հարկային դրույքաչափ կիրառելու մասին "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը։
Նրա խոսքով ՝ պետք է նկատի ունենալ, թե որն է համարվում փոքր ձեռնարկատիրություն՝ հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար։ Գործող օրենսդրության համաձայն, այդպիսին համարվում է մինչև 115 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկատիրությունը։ Այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրում, որպես կանոն, աշխատում է 4 աշխատող: Տարեկան կտրվածքով նրանք պետական գանձարան են վճարում 60 մլրդ դրամ կամ պետբյուջեի ամբողջ եկամտային մասի մոտ 2 տոկոսը։ Ֆիսկալ տեսանկյունից այդ գումարն էական դեր չի խաղում, բայց փոքր ձեռնարկատիրության համար հարկային արտոնության գործնական կիրառումը կարող է հանգեցնել մուլտիպլիկատիվ էֆեկտի։
Խոսքը, ըստ էության, ֆինանսական ռեսուրսների լրացուցիչ 40 տոկոսը պետբյուջե վերադարձնելու հնարավորության մասին է։ Հայկ Ֆարմանյանը նշել է նաև սոցիալական բաղադրիչը, հատկապես՝ փաստաբանների, հաշվապահների համար որոնք տեղափոխվել են հարկման ընդհանուր դաշտ: Մասնավորապես, դրանք շրջանառության 5% հարկից տեղափոխվել են հարկման ընդհանուր համակարգ, ինչը ենթադրում է 20% ԱԱՀ և 18% շահութահարկի վճարում։
"Ուժեղ Հայաստան" կուսակցությունը հայտարարում է, որ խտրականության չի դիմի, բայց թույլ կտա փոքր ձեռնարկատիրությանն ակտիվորեն զարգանալ: