Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 13:25
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին

Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին

Արմինֆո ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող Զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին։

Այն նվիրված է «Սևիլիայի հանձնառության» իրականացման մեկնարկին և համաշխարհային ֆինանսական համակարգի արդիականացմանը։ Ֆորումի նպատակն է խթանել գլոբալ ֆինանսական համակարգի բարեփոխումները և ընդլայնել զարգացող երկրների՝ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ֆինանսավորման հնարավորությունները։ Ֆորումի շրջանակներում նախատեսվում են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Բրետոն-Վուդսյան ինստիտուտների, ինչպես նաև Սևիլիայի համաձայնությամբ նախատեսվող Առևտրի միջազգային կազմակերպության և ՄԱԿ առևտրի և զարգացման համաժողովի ղեկավարության հետ։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամւոլի ծառայությունը,  Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական մարտահրավերներին՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման և զարգացման ֆինանսավորման ոլորտներում։ Նա ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքներ, մասնավորապես՝ «պարտքի փոխակերպում զարգացման ծրագրերի» մեխանիզմը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարտքային բեռի նվազեցումը ուղղակիորեն կապելու կլիմայական դիմակայունության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ներդրումների հետ՝ ձևավորելով ամուր կապ ֆինանսական կայունության և ԿԶՆ-երի միջև։

 

Անդրադառնալով միջազգային վարկավորման սկզբունքներին՝ նախարարի տեղակալը կարևորել է ՀՆԱ-ից բացի լրացուցիչ չափանիշների կիրառումը, ինչը հնարավորություն կտա միջին եկամուտ ունեցող երկրների գնահատման ժամանակ ավելի ճշգրիտ հաշվի առնելու դրանց խոցելիության մակարդակը։ Նա նաև ընդգծել է տեղական արժույթով վարկավորման ընդլայնման կարևորությունը՝ որպես տնտեսական դիմակայունության բարձրացման գործիք, որը կարող է նվազեցնել փոխարժեքի տատանումներից կախվածությունը և խթանել ներքին կապիտալի շուկաների զարգացումը։

 

Եզրափակելով ելույթը՝ Էդգար Մկրտչյանը շեշտել է գլոբալ ֆինանսական համակարգի հիմնարար վերափոխման հրամայականը, որի նպատակն է վարկավորումը պետությունների համար ծանր տնտեսական բեռից զարգացման իրական և արդյունավետ շարժիչ ուժի վերածելը։